Սարատովում ԱԹՍ-ի հարվածից կան վիրավորներ
1 րոպեի ընթերցում
![Սարատովում ԱԹՍ-ի հարվածից կան վիրավորներ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/26/hJj0q4HxSRpz0zYfbOJAQ7n6pGnCOsA1EoVFivd6.webp)
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ Սարատով քաղաքում անօդաչու թռչող սարքը հարվածել է բնակելի շենքի, որի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սարատովի մարզի ղեկավար Ռոման Բուսարգինը։
«Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մասամբ վնասվել է Պրեդմոստովայա հրապարակում գտնվող բնակելի համալիրը։ Ցավոք, կան տուժածներ։ Մեկ կին ծանր վիճակում հոսպիտալացվել է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Մնացածներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։ Օպերատիվ ծառայությունները շարունակում են աշխատել ուժեղացված ռեժիմով»,- գրել է նա իր Telegram ալիքում։
Սարատովի մարզի Էնգելս քաղաքում ևս ԱԹՍ-ի հարվածից բազմաբնակարան շենք է վնասվել։ Սարատովի նահանգապետ Բուսարգինը հայտնել է, որ բնակիչներին տարհանել են, տուժածեր չկան։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սարատովի, Կուրսկի, Բելգորոդի, Բրյանսկի, Տուլայի, Օռլովի և Ռյազանի մարզերում ուկրաինական 20 ԱԹՍ խոցելու մասին։