ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը օգոստոսի 24-ին կազմակերպել է ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հրաձգության դասընթաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ներկայացվել են հրաձգային տարբեր զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերը, հրաձգություն վարելու անվտանգության կանոնները, լիցքավորում, լիցքաթափում և նշանառություն կատարելու ճիշտ կարգը, քայլերի հաջորդականությունը։
Հրահանգավորումից հետո ԶԼՄ ներկայացուցիչները վարժադաշտում ծանոթացել են նաև թիրախներին, մասնակցել գործնական հրաձգության՝ ստուգելով կրակային պատրաստության իրենց հմտությունները:
Լավագույն արդյունքներ ցուցաբերածները խրախուսվել են պաշտպանության նախարարի կողմից շնորհակալագրերով և հուշանվերներով:
Դասընթացին մասնակցել ու շնորհակալագրով ու հուշանվերով պարգևատրվել է նաև «Արմենպրես»-ի ֆոտոթղթակից Հայկ Հարությունյանը։