Մշակույթ

«Դեպի դպրոց» ամենամյա մանկական փառատոնը վերադառնում է նոր ու հետաքրքիր գրքերով, հագեցած ծրագրով և նոր համագործակցություններով

5 րոպեի ընթերցում

«Դեպի դպրոց» ամենամյա մանկական փառատոնը վերադառնում է նոր ու հետաքրքիր գրքերով, հագեցած ծրագրով և նոր համագործակցություններով

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթամշակութային ծրագրեր,  մանկական մուլտֆիլմերի հայտնի երգեր և, իհարկե, շատ գրքեր. մանկական նոր հրատարակություններով օգոստոսի 24-ին փոքրիկներին  գրքի  տոն կնվիրի «Դեպի դպրոց» ամենամյա մանկական փառատոնը: Արդեն ավանդական դարձած փառատոնը կազմակերպել են newmag հրատարակչության «Երազ» մատենաշարը՝ «Երազ Փրոջեքթսի» հետ համատեղ:   

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում   «Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը նշեց, որ արդեն 2-րդ տարին անցկացվող փառատոնն այս անգամ առանձնանալու է հագեցած ծրագրերով և նոր համագործակցություններով:

«Այս մեկ տարվա ընթացքում  newmag հրատարակչության «Երազ» մատենաշարը հրատարակել է 10 գիրք, իսկ փառատոնի օրը դրանց կմիանա ես երեքը: Այդ օրը ունենալու ենք մշակութային հագեցած երեկո, որի ընթացքում հանդես են գալու տարբեր խմբեր: Այս տարի ունենք նաև նորություն՝ մեզ է միացել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ իր հետաքրքիր ծրագրերով: Ունենալու ենք զարգացնող խաղեր, կլինեն նաև անակնկալներ: Փառատոնի հատուկ հյուրերը լինելու են «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության սաները, որոնք հանդես կգան նաև երաժշտական կատարումներով։ Նրանց համար հրատարակչությունը պատրաստել է անակնկալ»,- ասաց Գոհար Մանուկյանը:

Նա նշեց, որ երաժշտական կատարումներով հանդես կգան նաև Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի Երգի թատրոնի սաները։ 

Մանուկյանն ընդգծեց, որ փառատոնի շրջանակներում նաև Newmag հրատարակչությունը գրքեր է նվիրել մանկատան սաների, որին միացել են նաև մյուս գործընկերները:

Newmag-ը «Երազ» մատենաշարով ներկայացնելու է երեք նոր գիրք, որոնք նախատեսված են տարբեր տարիքի երեխաների համար։ «Երազ» մատենաշարի գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը հավելեց, որ շատ հետաքրքիր և գեղեցիկ գրքեր են պատրաստել, որպեսզի երեխաները դրանցով զինվեն և պատրաստվեն նոր ուսումնական տարվան:  

«Առաջինը 3-ից մինչև 9 տարեկան երեխաների համար նախատեսված «Վերջին ամրակետը» շվեդական պատկերագիրքն է, երկրորդը՝ ամերիկյան բեսթսելլեր Ջեֆ Քինի «Վտվտիկի օրագիր» գրքի երկրորդ հատորն է՝ նախատեսված առաջինից  չորրորդ դասարանների երեխաների համար: Երրորդը, որի համար մենք արդեն մեկ տարի է՝ աշխատում ենք, «Էլեկտրոնիկի արկածները» գիրքն է, այն առաջին անգամ է տպագրվելու հայերեն և նախատեսված է 12 տարեկանից բարձր երեխաների համար: Բացի այս գրքերից, մենք ևս մեկ անակնկալ ունենք․ փառատոնի օրը տեղի կունենա երգի պրեմիերա: «Երազը»  հայաֆիկացրել է «Էլեկտրոնիկի արկածները» երաժշտաֆիլմի  հայտնի երգը՝ «Թևավոր ճոճանակը»:  Երգը կատարելու են  Mihran Arpi Studio-ի սաները»,- ասաց «Երազ» մատենաշարի գրական ծրագրերի ղեկավարը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Լիլիթ Հարությունյանը  նշեց, որ շատ ուրախ է նման համագործակցության մեկնարկի համար՝ ընդգծելով, որ այս համագործակցության շնորհիվ միանում են արվեստի երկու ճյուղեր՝ գրականությունը և երաժշտությունը:

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մասնակցելու է փառատոնին և երեխաներին, պատանիներին, դպրոցահասակներին ներկայացնելու է լավագույն և սիրված մուլտֆիլմերի երաժշտությունների դասական կատարումները: Բացմանը հանդես կգա  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Գրքատոնի շրջանակում նվագախումբը կներկայացնի նաև «Սիմֆոնիկ Դաս A» կրթամշակութային ծրագիրը»,-նշեց Հարությունյանը:

Փառատոնի կազմակերպիչները ընդգծեցին՝ նախագծի նպատակն է դպրոցականների շրջանում արթնացնել հետաքրքրություն և համակրանք  դասական երաժշտության հանդեպ` նրանց հնարավորինս մերձեցնելով դասական բարձրարժեք երաժշտարվեստին։ Ավելի ակտիվ մասնակիցներին սպասվում են անակնկալներ:

Նշենք նաև, որ փառատոնի օրը Newmag-ի ոչ միայն մանկական մատենաշարի ամբողջ տեսականին, այլ նաև մեծերի համար նախատեսված որոշ գրքեր ներկայացված են լինելու բացառիկ 40 տոկոս զեղչով: 

Միջոցառումը կսկսվի 17:00-ին  ու կշարունակվի մինչև 21:00-ն: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում