Ազդարարվեց Ախուրյան համայնքի Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ բնակավայրերի գազաֆիկացման ծրագրի մեկնարկը
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ախուրյան համայնքի Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ բնակավայրերում օգոստոսի 21-ին ազդարարվեց գազաֆիկացման ծրագրի մեկնարկը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագիրը երկու փուլից է բաղկացած. առաջին փուլում կանցկացվի մայր գազատարը՝ 11 կմ երկարությամբ, երկրորդ փուլում կիրականացվի գազատար ցանցի բաշխումը, որը կմեկնարկի և կավարտվի 2025 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը 660 միլիոն ՀՀ դրամ է, որից 55 տոկոսը՝ պետության, 45-ը՝ համայնքի ներդրումն է:
Ծրագրի հիմնարկեքին մասնակցեցին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, ղեկավարի տեղակալներ Կարեն Ներսիսյանը, Կարեն Սերգոյանը, Շիրակի մարզպետի և Ախուրյանի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, շինարարը և բնակիչներ:

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ քննարկել, հիմնավորել ենք կապույտ վառելիքի անհրաժեշտությունը: Այն կնպաստի, որ բնակիչը սիրով մնա, արարի, աշխատի ու ստեղծի իր գյուղում: Դրա համար անում ենք ամեն ինչ, որ բնակավայրերում ենթակառուցվածքները լիարժեք գործեն: Այս ծրագիրը եղել է մեր հիմնական նպատակներից մեկը և գտնվելու է իմ հսկողության ներքո»,-իր խոսքում նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը շեշտեց, որ 4 գյուղերի գազաֆիկացումը խիստ կարևոր և առաջնային է համարում.
«Անգամ Խորհրդային տարիներին այս գյուղերը չեն գազաֆիկացվել և բնակիչների համար այս ծրագիրն անհավատալի էր թվում: Գազաֆիկացման հսկայածավալ այս ծրագիրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Կառավարության և համայնքի ջանքերը համադրելով՝ նույնիսկ անհնարին թվացող ծրագրեր են իրականացվում հեռավոր բնակավայրերում»:
Շինարարությունն իրականացնող ընկերության ինժեներ Կարապետ Սահակյանը վստահեցրեց, որ աշխատանքներն արագ և որակով կատարելու համար ոչ մի խոչընդոտ չկա: Առաջին փուլի համար նախատեսված է 213 օրացուցային օր, որը լիովին կբավարարի աշխատանքն ավարտելու համար:
Արմենուհի Մխոյան