ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 20-ին այցելել է N բանակային զորամիավորում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջինը կանգ է առել մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի նոր կառուցված և մասնակի շահագործման հանձնված զինավանում, հետևել ուսումնական փուլի մեկնարկին անցկացվող ստուգատեսին: Սուրեն Պապիկյանը զրուցել է ժամկետային զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Այնուհետև, պաշտպանության նախարարը շրջել է զինավանի տարածքում, հետևել ընթացող շինարարական աշխատանքներին:
Շրջայցին մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։