Ռուսաստան

Ռոստովի մարզի նավթապահեստում ԱԹՍ-ի գրոհից հետո բռնկված հրդեհը սաստկացել է

2 րոպեի ընթերցում

Ռոստովի մարզի նավթապահեստում ԱԹՍ-ի գրոհից հետո բռնկված հրդեհը սաստկացել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի դիզվառելիքի պահեստում բռնկված հրդեհը, որն սկսվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի գրոհից հետո, արդեն երրորդ օրն է` չեն կարողանում մարել։ Հրդեհի մակերեսն զգալիորեն մեծացել է և այժմ կազմում է 10 հազար քառակուսի մետր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ ծառայություններին։

Տեղում աշխատում է մոտավորապես 600 փրկարար և 150 միավոր տեխնիկա, բացի այդ, դիտարկվում է հրդեհը մարելու համար ավիացիայի կիրառման հնարավորությունը։ 

«Բազա» Telegram ալիքի տվյալներով՝ արդեն այրվում են վառելիքով լի 74 ցիստեռնից 22-ը և, հավանաբար, կշարունակեն այրվել դեռ մի քանի օր։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այրվել է վառելիքի 11 պահեստարան: Հրդեհը մեկուսացնել մինչև այժմ չի հաջողվել։

Պրոլետարսկում վառելիքի պահեստում հրդեհը բռնկվել է օգոստոսի 18-ի առավոտյան։ Ինչպես հայտնել է Ռոստովի մարզի ղեկավար Վասիլի Գոլուբևը, հրդեհի պատճառ են դարձել խոցված անօդաչու թռչող սարքի բեկորները։ Հաջորդ օրը Պրոլետարսկի շրջանում սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ, իսկ Պրոլետարսկում հայտարարվել է արտակարգ դրություն։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ տուժել է 18 մարդ։ Ինչպես պարզաբանել է նահանգապետը, նրանք բոլորը հրշեջներ են։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ տուժել է 41 հրշեջ, որոնցից 18-ին անհրաժեշտ է եղել հոսպիտալացնել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում