Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում կարմրուկի լաբորատոր դեպք չի գրանցվել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին շաբաթվա ընթացքում կարմրուկի լաբարատոր դեպք չի գրանցվել: Սակայն դա չպետք է առիթ հանդիսանա զգոնությունը թուլացնելու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը՝ նշելով, որ վերջին շաբաթների ընթացքում, իհարկե, դիտվում է կարմրուկի դեպքերի գրանցման նվազում, սակայն, ըստ նրա՝ դա չպետք է հանգստացնի բնակչությանը և առողջապահական համակարգին, քանի որ դեռ ամբողջ աշխարհում և Հայաստանում առկա է կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ:

«Տարվա սկզբից մինչ օգոստոսի 19-ը հանրապետությունում գրանցվել է կարմրուկի լաբորատոր 546 դեպք, որոնցից 327-ը երեխաներ են, իսկ 219-ը՝ մեծահասակներ: Օգոստոսի 12-19-ը ընկած ժամանակահատվածում կարմրուկի լաբարատոր հաստատված դեպքեր չեն գրանցվել: Ակնկալում ենք, որ աշնան ամիսներին որոշակի աշխուժացում էլի կլինի՝ պայմանավորված ինչպես բերովի դեպքերով, այնպես էլ բնակչության շրջանում ակտիվ տեղաշարժերով:

Այս համատեքստում մեկ անգամ ևս կրկնեմ, որ կարևորվում է պատվաստումների դերը, քանի որ կարմրուկն այն վարակիչ հիվանդությունն է, որը կարելի է կանխարգելել պատվաստումների միջոցով»,-նշեց Սվետլանա Գրիգորյանը:

Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստումները ներառված են պատվաստումների ազգային օրացույցում: Առաջին դեղաչափը իրականացվում է 12 ամսականում, երկրորդը՝ 4-6 տարեկանում, և այս երկու դեղաչափը բավարար է ամբողջ կյանքում կարմրուկից պաշտպանված լինելու համար:

UNICEF-ը ներկայացրել է ամբողջ աշխարհում առկա վերջին հասանելի տվյալները, ըստ որի 2024 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 երկից  45-ում պաշտոնապես գրանցվել է կարմրուկի 56 հազար 634 դեպք և 4 մահ։ Հայաստանում մահվան 1 դեպք է գրանցվել 2023 թվականին:

Կարմրուկն աշխարհի ամենավարակիչ հիվանդություններից  է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսը շարունակում է վարակիչ լինել օդում կամ վարակված մակերեսի վրա մինչև 2 ժամ։ Վիրուսի նկատմամբ իմունիտետ չունեցող անձը կարող է վարակվել:

Ցանը հիվանդության ամենատեսանելի ախտանշանն է, սակայն բարդությունները կարող են լուրջ վտանգ ներկայացնել առողջությանը` ականջի բորբոքում, թոքաբորբ, փորլուծություն և դրա հետ կապված ջրազրկում, կուրություն, էնցեֆալիտ: 

Կարմրուկը ծանր ազդեցություն է թողնում երեխաների առողջության վրա, ընդ որում` վաղ տարիքի երեխաներն առավել խոցելի են կարմրուկի բարդությունների նկատմամբ։ Հոսպիտալացման բարձր ցուցանիշները և իմունային համակարգի երկարատև թուլացումը երեխաներին դարձնում են ավելի խոցելի այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ։ 2023 թվականին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում կարմրուկով վարակվածների կեսից ավելին հոսպիտալացվել է, ինչը ցույց է տալիս, թե ինչ ծանր բեռ են կրում անհատները, ընտանիքներն ու առողջապահական համակարգերը: 

Կարմրուկի դեպքերն աճում են ամբողջ աշխարհում: 2023-ին կարմրուկի ավելի քան 300,000 դեպք է գրանցվել  աշխարհում, իսկ 2024-ին գրանցված թվերը ցույց են տալիս, որ տարվա ընդհանուր թիվը կհավասարվի կամ կգերազանցի 2023-ինը: Երկրների և մայրցամաքների միջև վիրուսի ներմուծումը պարբերական բնույթ ունի, և այս խիստ վարակիչ հիվանդության բռնկումները տեղի կունենան այնտեղ, որտեղ դրա համար «պարարտ հող կգտնվի»՝ կլինեն մեկ դեղաչափով կամ ընդհանրապես չպատվաստված անձինք: 

 

Հայերեն

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված