Իրավունք

Նշված անձը շատ մեծ հավանականությամբ թմրանյութ տեղափոխելիս է եղել․ ՊԵԿ նախագահն անդրադարձել է Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքին

3 րոպեի ընթերցում

Նշված անձը շատ մեծ հավանականությամբ թմրանյութ տեղափոխելիս է եղել․ ՊԵԿ նախագահն անդրադարձել է Բրազիլիայի քաղաքացու մահվան դեպքին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացու թունավորման, իսկ հետո հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում գրանցված մահվան դեպքին, հայտարարել է, որ նշված անձը շատ մեծ հավանականությամբ թմրանյութ տեղափոխելիս է եղել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՊԵԿ նախագահն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Բրազիլիայի քաղաքացու մահվան մասին լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկություններին, թե օդանավակայանում ՊԵԿ-ի մաքսային ծառայության աշխատակիցները Բրազիլիայի քաղաքացուն ստիպել են խմել իր մոտ եղած շշի պարունակությունը։

Բադասյանը զարմանք արտահայտեց, թե ինչպե՞ս կարող է մաքսային ծառայության աշխատակիցը ստիպել քաղաքացուն թմրանյութ խմել։ 

«Մի հատ այդ կադրը պատկերացրեք էլի։ Մեկ մաքսային ծառայող բացել է քաղաքացու բերանը, հա՞․․․։ Ցավալի դեպք է եղել, չի կարելի այս թեմայով հումոր անել», - ասաց Բադասյանը՝ շեշտելով, որ եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գործել․ պետք է ենթարկվի պատասխանատվության։

Նկարագրելով դեպքի մանրամասները՝ Բադասյանը նշեց, որ նշված անձը շատ մեծ հավանականությամբ թմրանյութ տեղափոխելիս է եղել, ռիսկերի համակարգը նրան թիրախավորել է և տարել զննության։ 

«Զննության ընթացքում դուրս են բերվել շշերը և քաղաքացին, ենթադրաբար, կասկածները ցրելու համար որոշել է, որ կարող է ապացուցել իր անմեղությունը նաև խմելու եղանակով։ Իհարկե, դա նորմալ ընթացակարգ չէ։ Էլի եմ ասում, եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է կատարել իր պաշտոնական պարտականությունները, ապա պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ամեն ինչ ֆիքսված է։ Տեսանյութում, բնականաբար, ամենը չի երևում, սակայն պրոցեսը հիմնականում երևում է։ Կա քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն հանգամանքները կպարզի։ Ես չեմ կարող ավելին մեկնաբանել», - ասաց Ռուստամ Բադասյանը։  

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են, որ Բրազիլիայի 30-ամյա քաղաքացի Առաուջոլիմա Լուկասը խմի այն, ինչից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և օտարերկրյա քաղաքացին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում