Իլոն Մասկը Spaces հարթակում զրուցել է Դոնալդ Թրամփի հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, իրեն պատկանող X սոցիալական հարթակում զրուցել է ԱՄՆ հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Տեխնիկական խնդիրների պատճառով նրանց զրույցը սկսվել է 40 րոպեից ավելի ուշացումով։ Թրամփը և Մասկը զրույցել են շուրջ 2 ժամ՝ քննարկելով ներգաղթը, կլիմայի փոփոխությունը, ԱՄՆ տնտեսությունը, Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ նախկին նախագահի դեմ իրականացված մահափորձը և բազմաթիվ այլ հարցեր։ Թրամփը նաև քննադատել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսին։

Ըստ Մասկի՝ զրույցի նպատակն էր այն, որ անկախ քվեարկողները, որոնք դեռ որոշում չեն կայացրել, կողմնորոշվեն, թե ում օգտին են քվեարկելու նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ 

Թրամփն ասել է, որ ներքին սպառնալիքներն ավելի վտանգավոր են, քան արտերկրից, մասնավորապես՝ Չինաստանից և Ռուսաստանից եկող սպառնալիքները։ Նա նաև համարում է, որ Վաշինգտոնը չպետք է թույլ տա, որ Ռուսաստանի և Չինաստանի շահերը համընկնեն։ 

Միևնույն ժամանակ նա Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարներին անվանել է «լավագույնն իրենց գործի մեջ»։

Իսկ մարդկության գլխավոր սպառնալիք Թրամփն անվանել է ոչ թե գլոբալ տաքացումը, այլ «միջուկային տաքացումը», քանի որ մի շարք երկրներ ունեն զգալի միջուկային զինանոց։ 

Ինչ վերաբերում է կլիմայի փոփոխությանը, Թրամփն այն չի համարել սպառնալիք, այլ հակառակը՝ պնդել, որ ծովի մակարդակի բարձրացումը կստեղծի ավելի շատ «ափամերձ սեփականություն»։ Այս պնդումը լայնորեն քննադատվել է ԶԼՄ-ների կողմից, որոնք նշում են, որ ծովի մակարդակի բարձրացումը, հակառակը, ոչնչացնում է ափամերձ սեփականությունը, ինչպես նաև ափամերձ համայնքները՝ դառնալով մարդկանց արտագաղթի ևս մեկ պատճառ։ 

Ի դեպ, Թրամփը նաև պատրաստակամություն է հայտնել ընտրություններում հաղթանակի դեպքում Իլոն Մասկին ընդգրկել իր ապագա վարչակազմում, երբ Մասկն առաջ է քաշել Կառավարության արդյունավետության հանձնաժողով ստեղծելու գաղափարը։ Մասկը նշել է, որ նման հանձնաժողովը կերաշխավորեր, որ հարկատուների գումարները ճիշտ են ծախսվում, և որ ինքն ուրախ կլիներ օգնել նման հանձնաժողովի աշխատանքներում։ 

Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, ըստ Մասկի ներկայացրած վերջին տվյալների, լսել է շուրջ 16,4 միլիոն մարդ: Զրույցից հետո Մասկն X-ում գրել է, որ սիրով Spaces հարթակում կհյուրընկալեր նաև Քամալա Հարիսին։ 

Մասկն այս ընտրարշավի ընթացքում իր աջակցությունն է հայտնել Թրամփին։ Ժամանակին, սակայն, նա քննադատում էր Թրամփին կլիմայի փոփոխության դեմ պայքարին պատշաճ ուշադրություն չդարձնելու համար։ 2017 թվականին՝ Թրամփի նախագահությունից 5 ամիս անց, Մասկը հրաժարվել է Սպիտակ տանը խորհրդատվական պաշտոնից, քանի որ Թրամփը Վաշինգտոնը դուրս էր բերել Փարիզի համաձայնագրից, որն ուղղված է կլիմայի փոփոխությունը զսպելուն։

Հայերեն Русский

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները