Սպորտ

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը խոստանում է Հայաստանի Հանրապետությանը զգալի հաջողություններ պարգևել

3 րոպեի ընթերցում

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը խոստանում է Հայաստանի Հանրապետությանը զգալի հաջողություններ պարգևել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսիստ Էլինա Ավանեսյանի ձգտումը՝ հասնել մեծ հաջողությունների որպես հայ մարզիկ, անկասկած, կոգեշնչի հայ երիտասարդներին և կբարձրացնի թենիսի հեղինակությունը Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ողջունելով Ավանեսյանի՝ ՀՀ դրոշի ներքո հանդես գալու որոշումը:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք նրա հաջողություններին և այն դրական ազդեցությանը, որ նա կունենա մեր մարզական համայնքի վրա»,- ասել է նախարարը՝ նկատելով, որ մարզուհու որոշումը վկայում է նրա նվիրվածության և հայրենիքի հանդեպ սիրո մասին: 

Էլինա Ավանեսյանն էլ իր հերթին ընդգծել է, որ շատ հպարտ է այսուհետ ներկայացնելու Հայաստանը միջազգային  առաջնություններում: Նրա խոսքով՝ սա բացառիկ հնարավորություն է և հարգանքի տուրք իր արմատներին, հայրենիքին և ընտանիքին, ովքեր միշտ աջակցել են իրեն: 

Ավանեսյանն ընդգծել է՝ որպես հայ մարզիկ ձգտում է մեծ նվաճումների հասել և ապագայում Հայաստանի Հանրապետությանը զգալի հաջողություններ պարգևել:

«Ես ուզում եմ նաև ոգեշնչել սկսնակ մարզիկներին և խրախուսել երիտասարդներին զբաղվել սպորտով: Ես սկսեցի թենիս խաղալ մի փոքր քաղաքային խաղահրապարակում՝ իմ համայնքի աջակցությամբ, և իրականություն դարձավ պրոֆեսիոնալ թենիսիստ դառնալու անհավանական երազանքս։ Հույս ունեմ, որ խոստումնալից հայ մարզիկները նույնպես կարող են անցնել այս ուղին և ստանալ նույնպիսի աջակցություն»,- եզրափակել է Ավանեսյանը:

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը, որը կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում ներկայում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առաջիկա մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: 

Առաջիկայում 21-ամյա մարզուհին ՀՀ դրոշի ներքո հանդես կգա ԱՄՆ Ցինցինատիի մրցաշարում, որը կմեկնարկի օգոստոսի 11-ին, այնուհետև կմասնակցի ԱՄՆ բաց առաջնության հաջորդ մրցաշարին: Այն կմեկնարկի օգոստոսի 26-ին: 

21-ամյա Էլինա Ավանեսյանը ծնվել է Պյատիգորսկում։ Մեծ սաղավարտի մեծահասակների մրցաշարերում նա իր նորամուտը նշել է 2022 թվականին։ 2023 թվականի մայիսին Ավանեսյանը հաղթել է կարիերայի ամենախոշոր մրցաշարում՝ ITF W100 սերիայի տիտղոս նվաճելով Գերմանիայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում