Հայաստան

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ քննարկվել են անօթևանների, մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների և խոցելի այլ խմբերի հարցերը

2 րոպեի ընթերցում

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ քննարկվել են անօթևանների, մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների և խոցելի այլ խմբերի հարցերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ օգոստոսի 6-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, ներկայացուցիչներ՝ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունից, Երևանի քաղաքապետարանից։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների կողմից մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվելու, աշխատանքային թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու նվազեցման դեպքերը, արձագանքման արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր․ ներկայացվել են կանխարգելման, հայտնաբերման, նույնականացման և անհրաժեշտ ծառայությունների տրամադրման ընթացակարգերը։ 

Նախարար Մկրտչյանն անդրադարձել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց պետության կողմից տրամադրվող ծառայությունների շրջանակին, ներկայացրել դրանք հասարակական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացը։ 

Ըստ աղբյուրի՝ Կարեն Հակոբյանը խոսել է ՆԳՆ ոստիկանության լիազորությունների շրջանակում տարվող աշխատանքների մասին՝ անդրադառնալով դեպքերի կանխարգելման և բացահայտման  ուղղությամբ գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ իրականացվող քայլերին։  

Քննարկվել է մինչ այս տարված աշխատանքների արդյունավետությունը, դրանց շրջանակում վերհանված խնդիրները և լուծման տարբերակները։ 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ընդգծվել է համատեղ վերապատրաստման դասընթացների անցկացման անհրաժեշտությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության, Ներքին գործերի նախարարության ոստիկանության և պարեկային ծառայության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Քննարկվել են նաև մի շարք տեխնիկական հարցեր՝ համատեղ գործառույթների իրականացման, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացման վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում