Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել. Տոյվո Կլաար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն, անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած զարգացումներին և հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ակտիվացմանը, հայտարարել է, որ այդ հարցում Եվրոպական միությունը նույնպես ներդրում է ունեցել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նման տեսակետ է հնչեցրել JamNews-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Երևանի և Բաքվի միջև վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և զարգացումների պատկերը տարբեր է եղել, քանի որ եղել են ինչպես առավել բարվոք, այնպես էլ բազմաթիվ բռնություններով և անմեղ զոհերով լի բազմաթիվ իրավիճակներ։ 

«2020 թվականի 44-օրյա պատերազմը, տարբեր զինված բախումները և լայնածավալ ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և, ոչ պակաս կարևոր, 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթը ամենաբարդ իրավիճակներն էին, որոնց հետ ստիպված եմ եղել գործ ունենալ: 

Ես միշտ կհիշեմ այս բռնության զոհերի հետ ունեցած զրույցներս և այն պատմությունները, որոնք լսել եմ 1990-ականներին նման դժվարություններ տեսած մարդկանցից:  

Միևնույն ժամանակ, եղել են նաև դրական զարգացումներ: Ակտիվացել է երկխոսությունը Բաքվի և Երևանի միջև, որին, կարծում եմ, ԵՄ-ն նույնպես նպաստել է: Բանակցություններ են վարվում՝ ուղղված խաղաղության պայմանագրի վերջնականացմանը», - ընդգծել է Կլաարը:

Անդրադարձ կատարելով Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերին՝ Տոյվո Կլաարը նկատել է, որ այդ համատեքստում 2020 թվականի պատերազմից առաջ ԵՄ-ն շատ ավելի քիչ տեսանելի դերակատարություն է  ունեցել, իսկ ԵՄ-ի խնդիրն ավելի շատ աջակցելն է եղել հիմնական միջազգային ձևաչափի՝ Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերին: 

Կլաարը հայտնել է, որ 2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ն` հիմնականում հենց կողմերի խնդրանքով, սկսել է ավելի նշանակալի դեր խաղալ, որը գագաթնակետին է հասել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բարձր մակարդակի եռակողմ հանդիպումների շարքով։  

Նա կարծիք է հայտնել, որ վերոնշյալ հանդիպումները՝ ի լրումն այլ միջազգային դերակատարների ջանքերի, երկու առաջնորդներին տրամադրել են անհրաժեշտ հարթակ՝ հասնելու որոշ ընդհանուր պատկերացումների առանցքային հարցերի՝ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացման և մարդասիրական հարցերի շուրջ: 

«2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2023 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել առաջնորդների վեց հանդիպում՝ Բրյուսելում, բազմաթիվ բարձր մակարդակի հեռախոսազրույցներ, ինչպես նաև կազմակերպել ենք անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպումներ այստեղ», - հիշեցրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը և հավելել, որ Երևան և Բաքու կատարած իր այցելությունների և առավել լայն տարածաշրջան կատարած այցերի հետ մեկտեղ, ԵՄ-ն օգնել է ստեղծել որոշակի շրջանակ, որի հիման վրա առաջնորդները կարողացել են արտաքին գործերի նախարարներին, փոխվարչապետներին և այլ առանցքային դերակատարների ուղղորդել հետագա բանակցությունների համար։ 

Ըստ նրա՝ վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել: 

«ԵՄ-ն ողջունել է այս բոլոր զարգացումները՝ լինի դա 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը՝ կալանավորների ազատ արձակման և COP29-ի վերաբերյալ, թե 2024 թվականի ապրիլի 19-ի՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջերս կնքված համաձայնագրերը և դրանց հետագա իրականացումը: 

Վերջիններս հիմնված են հենց այն ընդհանուր պատկերացումների վրա, որոնք ավելի վաղ ձեռք էին բերվել մեր մասնակցությամբ, օրինակ՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես երկկողմ սահմանի սահմանազատման հիմք ընդունելը», - նշել է Տոյվո Կլաարը՝ շեշտելով, որ թեև կողմերի միջև վերջերս ավելի շատ երկկողմ հանդիպումներ են եղել, այդուհանդերձ, ԵՄ-ն պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել, երբ կողմերը դիմեն այդ հարցով:

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe

«Պայքար՝ հանուն գոյության». պարային ներկայացման առաջնախաղ՝ Վանաձորի թատրոնում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա

ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

Երևանում կանցկացվի Մխիթար Գոշին և «Գիրք Դատաստանի» աշխատությանը նվիրված միջազգային գիտաժողով

Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հունաստանի դեսպանի հետ

Ընդդիմությունը հայտարարել է Ցեղասպանության հերքումը քրեականացնելու նախաձեռնության մասին, իշխանությունը հակադարձում է՝ Քրեական օրենսգրքում նման դրույթ արդեն կա

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/04/25

Ասիական ինդեքսները չեն փոփոխվել - 22/04/25

Պուտինը Կրեմլում ընդունել է Օմանի սուլթանին

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մասնագիտական կրթական ծրագրերի լիցենզավորման կարգում փոփոխություն կատարելու նախագիծը