ՀՀ նախագահ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ նախագահի նստավայր և շնորհավորել Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատուրյանին մաղթել է առողջություն, հաջողություններ, բեղմնավոր գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ 

ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահին Կառավարության գործունեությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար: Վարչապետը նշել է, որ կարևորագույն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնելիս Կառավարության և նախագահի միջև խորհրդակցությունները շատ կարևոր ինստիտուցիոնալ նշանակություն ունեն և շնորհակալություն հայտնել Վահագն Խաչատուրյանին տնտեսական, արտաքին, քաղաքական, և ռազմավարական նշանակության այլ հարցերում ակտիվ ներգրավվածության համար:

«Համոզված եմ, որ այն օրակարգը, որը ձևակերպվել և իրականացվում է, ունի պատմական և շրջադարձային նշանակություն: Եվ իհարկե, այդ օրակարգի ձևավորման գործում Ձեր ներդրումը և աջակցությունը դժվար է գերագնահատել։ Մեծարգո պարոն նախագահ, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան տարեդարձի առիթով և արտահայտել իմ լավագույն մաղթանքները»,-ասել է վարչապետ Փաշինյանը։

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է վարչապետի, Կառավարության գործունեությունը, որն ուղղված է անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը սերտ համագործակցության, աջակցության համար և ընդգծել.

«Վստահ եմ, որ մենք այս քաղաքականությամբ, մեր այս գաղափարների իրականացմամբ հաջողության ենք հասնելու: Ձեզ մաղթում եմ հաջողություն, կամք, ուժ ու եռանդ այդ գաղափարներն իրականություն դարձնելու համար: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության զարգացման այլ ճանապարհ չի լինելու»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում