ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը
2 րոպեի ընթերցում

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Ամերիկյան ընկերություններն ունեն ծանրակշիռ փորձառություն և տիրապետում են նորարարական տեխնոլոգիաների, ինչը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ ապագայի ապահովմանը՝ երկուստեք շահեկան լինելով Միացյալ Նահանգների և Հայաստանի համար»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Westinghouse Electric Company-ն միջուկային էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան ընկերություն է։ 2023 թվականին ընկերությունը ներկայացրել է 300 մեգավատ հզորությամբ կոմպակտ մոդուլային ռեակտորներ ստեղծելու նախագիծ։ Մոդուլային ռեակտորների հավաստագրումը նախատեսվում է 2027 թվականին, իսկ ընդհանուր ցանցին դրանց միացումը՝ 2033 թվականին։
Հայաստանն ու միացյալ Նահանգները 2025 թվականի հունվարին ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որում դրույթ կա միջուկային համագործակցության համաձայնագրի («123-րդ համաձայնագիր») շուրջ բանակցություններ սկսելու մասին։
2023 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մոդուլային ատոմակայանների հնարավորություններին ծանոթանալու համար ՀՀ-ից ԱՄՆ կմեկնի պատվիրակություն ։ «Ցավոք, մեր գործող ատոմակայանը ունի մեկ վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել: Հիմա մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք ատոմակայան կառուցելու հարցի շուրջ, այդ բանակցությունները վարվում են և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և երրորդ երկրների հետ: Հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես ավելի շահավետ», - ասել էր Փաշինյանը:
Հայաստանում գործող ատոմակայանի շահագործման վերջնաժամկետը 2036 թվականն է։