Քաղաքականություն

ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Լիբանան այցելելուց

2 րոպեի ընթերցում

ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Լիբանան այցելելուց

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Լիբանան այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին հորդորում է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել։ 

«Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։ 

Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական հաղորդումներին և նախազգուշացումներին։ 

Ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների բախվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել Լիբանանում ՀՀ դեսպանության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրավիճակը վերջին օրերին Մերձավոր Արևելքում խիստ լարվել է։ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Լիբանանի տարբեր բնակավայրերի՝ հայտարարելով, որ հարվածների թիրախում «Հեզբոլլահ» շարժման ղեկավարությունն է։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում