Շինարարության ոլորտում ներդրվել է նոր՝ պահանջարկ ունեցող մասնագիտություն

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԿՈՒ հաստատությունների դիմորդների շրջանում պետության համար ռազմավարական նշանակության ոլորտների մասնագիտություններն առավել գրավիչ դարձնելու համար նախորդ տարվանից Կառավարության որոշմամբ հաստատվել է գերակա և առաջնահերթ համարվող մասնագիտությունների ցանկը: Այս ուղղություններով սովորողներին պետությունն առաջին կուրսում 50 հազար դրամ կրթաթոշակ է տրամադրում՝ անկախ այն հանգամանքից՝ ուսանողն անվճար համակարգով է ընդունվել, թե՞ վճարովի: Շինարարական ոլորտի մի շարք մասնագիտություններ ևս ներառված են այդ ցանկում: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, գերակա մասնագիտությունների ցանկում է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջին մասնագիտության կրթական հաստատությունում ներդրված նոր մասնագիտությունը, որը կոչվում է կարկասային երեսպատման կոնստրուկցիայի մոնտաժ:

«Այսօր պահանջված է ոչ միայն «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը, այլև շինարարական ոլորտի գրեթե բոլոր մասնագիտությունները: Եվ ոլորտում ունենք մի իրավիճակ, որտեղ աշխատում են որակավորում չունեցող մարդիկ, իսկ աշխատաշուկան որակավորված մասնագետների խիստ կարիք ունի: Սա կարևոր խնդիր է թե՛ կրթության ոլորտի, թե՛ գործատուների համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Նոր մասնագիտությունն ուսումնական հաստատությունում ներդրվել է Knauf Armenia շինարարական կազմակերպության հետ համագործակցությամբ, երբ վերջինս որպես գործատու՝  որակավորված մասնագետների կարիքի համալրման առաջարկ է ներկայացրել: 

«Շինարարության ոլորտը գրեթե հավասար կարևորություն ունի բժշկության հետ, քանի որ ուղղակիորեն առնչվում է մարդու առողջությանն ու անվտանգությանը: Տարբեր փլուզումներն ու աղետները, որոնք պարբերաբար տեղի են ունենում, նաև ոչ որակյալ աշխատանքների հետևանք են: Այս ոլորտում առավել քան երբևէ որակյալ մասնագետների պահանջն ակնհայտ է: Մեր խնդիրն է ոչ միայն ուսանողին ներգրավել տվյալ կրթական ծրագրում, այլև ապահովել որակյալ կրթություն և բարձր առաջադիմություն: Այդ նպատակով կրթաթոշակը տրվում է առաջին կուրսում, իսկ հաջորդ կուրսերում այն կպահպանվի՝ պայմանավորված ուսանողի առաջադիմությամբ»,-ընդգծել է նա:

Knauf Armenia կազմակերպությունը շինարարության ոլորտում առաջիններից է, որի հետ ՄԿՈւ ոլորտում կա համագործակցություն: Սակայն, ինչպես Արմենուհի Պողոսյանն է փաստում, միջին մասնագիտական կրթությունը կիրառական ոլորտ է և միտված է կարողությունների և հմտությունների ձևավորմանը, ինչը հնարավոր է ապահովել նախևառաջ մասնավոր ոլորտի աջակցությամբ:

«ՄԿՈՒ կրթության պարտադիր բաղադրիչն է պրակտիկաների ապահովումը՝ մասնավորի հետ համագործակցությամբ: 2017 թ. ներդրել ենք դուալ կրթության ձևաչափը, որը ենթադրում է անմիջական կապ աշխատաշուկայի հետ. ուսանողը սովորում է աշխատելով, և ուսումնական ծրագրի առնվազն 50 տոկոս և ավելին անցկացվում է աշխատավայրում՝ գործատուի մոտ: Պետության կողից ֆինանսավորվող տեղերը ձևավորելիս հարցում ենք անում շահագրգիռ կառույցներին՝ հասկանալու աշխատաշուկայի պահանջարկը, որպեսզի պահպանվի կրթություն-աշխատաշուկա օրգանական կապը»,-ասել է վարչության պետը:   

Գործում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ /ՄԿՈՒԶԱԽ/, որի հետ յուրաքանչյուր տարի համաձայնեցվում են տարբեր մասնագիտությունների համար մշակվող կրթական չափորոշիչներ, և առավելություն է տրվում աշխատաշուկայում և տնտեսության մեջ մեծ պահանջարկ ունեցողներին: ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ Եվրոպական կրթական հիմնադրամը  իրականացրել է շինարարության ոլորտում մասնագետների կարիքի գնահատման մեծածավալ ուսումնասիրություն: Հետազոտության համաձայն՝ սահմանվել են առավել լայն պահանջարկ ունեցող մասնագիտությունները ոչ միայն արհեստագործական և միջին մասնագիտական ոլորտում, այլև բարձրագույն կրթության: Տեխնոլոգիաների զարգացումը, թվային լուծումները, նոր նյութերի հետ աշխատանքը առաջացրել են նաև նոր մասնագիտությունների ներդրման կարիք:

«Այս ոլորտը կարիք ունի որակավորված նոր մասնագետների և արժե, որպեսզի երիտասարդներն ընտրեն հենց այս ոլորտի մասնագիտությունները, որովհետև դրանք բարձր վարձատրվողների ցանկում են, և ուսանողները տարբեր կազմակերպություններում աշխատելու լայն հնարավորություն կունենան»,- եզրափակելով խոսքը՝ շեշտել է Արմենուհի Պողոսյանը:

ՄԿՈՒ հաստատությունների դիմորդների հայտագրումը մեկնարկել է հուլիսի 30-ից և կշարունակվի ոլորտային մասնագիտությունների համար մինչև օգոստոսի 8-ը, ոչ ոլորտային մասնագիտությունների համար՝ մինչև  օգոստոսի 17-ը ներառյալ:

ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում:

Հայերեն

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը