ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի դիտարկմամբ՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրված հարկային մուտքերի նվազումը կարող է պայմանավորված լինել նախատեսվածից թույլ տնտեսական ցուցանիշներ ունենալու հանգամանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա նշեց այսօրվա ասուլիսում:
Այն դիտարկմանը, որ հաշվետու ժամանակահատվածում մոտավորապես 116 մլրդ դրամով պակաս գումար է մուտքագրվել ՀՀ պետբյուջե՝ կենտրոնական բանկի նախագահը պատասխանեց. «Թերհավաքագրումը պայմանավորված է պլանավորվածի համեմատ ավելի թույլ տնտեսական ցուցանիշներ ունենալով: Հարցն այն է, թե արդյոք տարվա սկզբին ճի՞շտ էինք պլանավորել այդ ամենն ու հաշվի առե՞լ էինք, որ ինչ-որ բաներ այլ կերպ են լինելու, թե՞ իրական տնտեսության հետ կապված խնդիրներ կան: Կարծում եմ, որ հիմնականում պլանավորման հետ կապված խնդիրներ են»:
Նրա կարծիքով՝ կառավարությունը հաջորդիվ, հավանաբար, որոշակիորեն, ոչ մեծ չափով կճշգրտի ծախսերը, սակայն սեկվեստրի (խմբ.-ծախսերի կրճատման) հարց չի ծագի:
«Որովհետև ունենք տարածք պարտքն ավելացնելու համար, և կա տարածք բյուջեի մի քիչ ավելի մեծ դեֆիցիտով աշխատելու տեսանկյունից: Կարծում եմ՝ կառավարությունը խելամիտ հարաբերակցությունը պիտի գտնի և կգտնի, որը կնպաստի ոչ միայն բարդ սցենարներից խուսափելուն, այլև թույլ կտա հարված չհասցնել տնտեսական ակտիվությանը»,- գտնում է Մարտին Գալստյանը: