Հայաստանում ծառայությունների ոլորտում գնաճի տեմպերի դանդաղումը պայմանավորված է օտարերկրյա միգրանտների թվի նվազմամբ. ՀՀ ԿԲ նախագահ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ծառայությունների ոլորտում գնաճի տեմպերի դանդաղում է նկատվում, որը հիմնականում պայմանավորված է երկրում օտարերկրյա աշխատանքային միգրանտների թվի նվազմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսօրվա ասուլիսում նման դիտարկում ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Անդրադառնալով ծառայությունների ոլորտում նկատվող միտումներին՝ նա նշեց. «Ծառայությունների գները որոշակի նվազման միտում ունեն: Դա հիմնականում պայմանավորված է արտաքին պահանջարկի զգալի թուլացմամբ, որն ունի մի քանի գործոն: Նախ, նախորդ տարվա համեմատ նվազել է ներգնա տուրիզմի ցուցանիշը: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ մեկ տուրիստի հաշվով նվազել է նաև ծախսերի ծավալը: Երկրորդ՝ Հայաստան ժամանած աշխատանքային միգրանտների մի մասը, դարձյալ ըստ վիճակագրության, արդեն հեռացել կամ հեռանում է Հայաստանից: Օրինակ, Հնդկաստանից ժամանածների մոտ 25 տոկոսն արդեն հեռացել է: Հայաստանում նրանց առավելագույն թիվը եղել է մոտ 17 հազար մարդ, մինչդեռ վերջին տվյալների համաձայն՝ այս պահին Հայաստանում են 11 հազարը»:
Մարտին Գալստյանն արձանագրելով ծառայությունների ոլորտում գնաճի տեմպերի դանդաղումը՝ միաժամանակ նկատեց, որ ներկայում դժվար է խոսել գնանկման մասին: