Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր: Ընդգծելով, որ դպրոցաշինությունը ՀՀ կառավարության ռազմավարական թիրախներից է՝ նախարարի տեղակալը կարևորել է այս ուղղությամբ Ասիական զարգացման բանկի հետ երկարատև արդյունավետ համագործակցությունը: 

Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ ԱԶԲ-ն նախարարության կարևոր գործընկերներից է, որի հետ տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր՝ Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների շրջանակում: 

«Ակնկալում ենք, որ մեր դպրոցները կունենան այնպիսի միջավայր ու ենթակառուցվածքներ, որոնք ոչ միայն կապահովեն բարենպաստ և ժամանակակից պայմաններ՝ արդյունավետ ուսումնական գործընթաց կազմակերպելու տեսանկյունից, այլև կապահովեն անվտանգային բարձր չափանիշներ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հավելել, որ ՀՀ կառավարության՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ենթակառուցվածքներին առնչվող հարցերը մանրամասնորեն քննարկվում են: 

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրով» սահմանված պահանջներն ու չափանիշներն ուղենշային են համարվում նաև այլ ծրագրերով կառուցվող հաստատությունների համար՝ հաշվի առնելով ԱԶԲ ծրագրի բարձր որակական պահանջները: 

ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրը» Ասիական զարգացման բանկի կողմից ՀՀ-ում իրականացվող կարևորագույն նախագծերից է: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում