Շոլցը կարծում է, որ Քամալա Հարիսը կարող է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում
1 րոպեի ընթերցում
![Շոլցը կարծում է, որ Քամալա Հարիսը կարող է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/24/MuTurXCf1w8kK4I8kBedMsJMsIeke76ENi2kq4MM.webp)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին անվանել է «կոմպետենտ և փորձառու» քաղաքական գործիչ, որը կարող է հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Շոլցն ասել է ամենամյա ամառային մամուլի ասուլիսում։
«ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավն, անշուշտ, հետաքրքիր կլինի՝ այժմ մի փոքր նոր կազմով և նոր աստղաբույլով», - Շոլցի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը։
Գերմանիայի կանցլերը բացահայտ կերպով աջակցում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեկնածությանը, մինչև վերջինս հուլիսի 21-ին հայտնեց ընտրապայքարից դուրս գալու և փոխնախագահ Քամալա Հարիսին աջակցելու մասին։
«Կարծում եմ՝ շատ հնարավոր է, որ Քամալա Հարիսը հաղթի ընտրություններում, բայց դա կորոշեն ամերիկացի ընտրողները», - նշել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ մի քանի անգամ հանդիպել է Հարիսին։
«Նա կոմպետենտ և փորձառու քաղաքական գործիչ է, որը հստակ գիտի՝ ինչ է անում։ Նա գիտի, թե ինչ է ուզում և ինչ կարող է անել», - հավելել է կանցլերը։
66-ամյա Շոլցին նաև հարցրել են՝ արդյոք ինքը կարող է հրաժարվել վերընտրվելուց, սակայն նա նշել է, որ կրկին կառաջադրվի կանցլերի պաշտոնում։