Երևանում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ. երեք անձ կալանավորվել է

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով սինթետիկ և այլ բնույթի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 

«2024 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ Վ.Կ-ին՝ իր կողմից վարվող «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ:

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4.73 գրամ ընդհանուր քաշով թվով 7 փաթեթ և ծալովի դանակ. տղամարդու բանավոր հայտարարության համաձայն՝ հայտնաբերված փաթեթներում առկա զանգվածը «Կրիստալ»  տեսակի թմրամիջոց է»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով Վ.Կ.-ն ձերբակալվել է: 

Հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն. ըստ փորձագետի եզրակացության՝ փորձաքննության ներկայացված զանգվածը «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութ է:

Նախաքննության ընթացքում, օրենքով սահմանված կարգով, կասկածյալի բնակության վայրում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի մոտ 25գ. «Մեթամֆետամին» և մոտ 600գ. «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, էլեկտրական կշեռքներ, ինչպես նաև՝ թմրանյութերի իրացման համար նախատեսված տարբեր տեսակի պարագաներ։

Նախաքննության ընթացքում օպերատիվ տվյալներ են ստացվել խուզարկությամբ Վ.Կ.-ի մոտ հայտնաբերված թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրի վերաբերյալ:

Մասնավորապես, ստացված տեղեկությունների համաձայն՝ Վ.Կ.-ին թմրամիջոց իրացրել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչ Հ.Դ.-ն, ով, նախնական տվյալներով, 33-ամյա հարևանի՝ Ս.Կ.-ի հետ ստեղծելով հանցավոր խումբ, ձեռք  են բերել առանձնապես խոշոր չափերի հասնող, տարբեր տեսակի թմրամիջոցներ, դրանք պահել են իրենց բնակության վայրերում և այնտեղից էլ դրանք իրացրել: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այլ անձանցից բացի, Վ.Կ.-ն ևս պարբերաբար, օրվա տարբեր ժամերի այցելել է վերջիններիս՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ ձեռք բերելու նպատակով` իր հերթին զբաղվելով թմրամիջոցների իրացմամբ։

Ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով՝ օրենքով սահմանված կարգով,  կատարվել են խուզարկություններ:

Արդյունքում՝ Հ.Դ.-ի բնակության վայրում հայտնաբերվել են 14 հատ 100 ԱՄՆ դոլարանոց առերևույթ կեղծ թղթադրամներ, Ս.Կ.-ի բնակության վայրում՝ առանձնապես խոշոր չափերի մոտ 300 գրամ «Մարիխուանա» և մոտ 20 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, էլեկտրական կշեռքներ, 122 հատ առերևույթ կեղծ 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամներ, ինչպես նաև՝ թմրանյութերի պատրաստման, օգտագործման և իրացման համար նախատեսված տարբեր պարագաներ։

2024 թվականի հուլիսի 18-ին Երևան քաղաքի Արշակունյաց և Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից Ս.Կ.-ն, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, ձերբակալել և տեղափոխել է Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն գույնի յուրահատուկ հոտով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող 92.7 գրամ քաշով զանգված։ 

Հայտնաբերված թմրանյութերի վերաբերյալ նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Որոշում է կայացվել նախաձեռնված քրեական վարույթները միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և ապացուցողական գործողություններ՝ հարցաքննություններ, նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ հայտնաբերված դրամական միջոցների կեղծ լինել կամ չլինելու հանգամանքը պարզելու նպատակով նշանակվել է դատանյութագիտական և դատափաստաթղթային համալիր փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Կ.-ին և Հ.Դ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ս.Կ.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված 3 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ԵՄ դատարանը մերժել է ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործելու դեմ Հունգարիայի հայցը