Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Թբիլիսիում է` գործընկերոջ, Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հրավերով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են առողջապահական ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր, համընդհանուր խնդիրներ, որոնց լուծման շուրջ կարևորվել է երկու երկրների առողջապահական գերատեսչությունների առավել սերտ փոխգործակցությունը, առկա մարտահրավերներին ժամանակին անդրադառնալը:

Անդրադարձ է եղել համագործակցության խորացմանը և փորձի փոխանակման հնարավորություններին, մասնագիտական խմբերի համար հարթակների ձևավորման գաղափարին:

Նախարարը ներկայացրել է նաև էլեկտրոնային առողջապահության բնագավառում վերջին բարեփոխումները, շեշտադրվել է բուժանձնակազմի շարունակական կրթական բաղադրիչի կարևորությունը:

Համատեղ ընդգծել են դեղերի գների և գրանցման քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը, կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը` համընդհանուր գործընկերների, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներգրավմամբ:

Առողջապահական հարցերի շուրջ քննարկումները շարունակվել են Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, Վրաստանի առողջապահության պաշտպանության և սոցիալական հարցերի կոմիտեի նախագահ Զազա Լոմինաձեի հետ հանդիպման ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում