Աշխարհ

Մակրոնն ընդունել է վարչապետի հրաժարականը

2 րոպեի ընթերցում

Մակրոնն ընդունել է վարչապետի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը։ Ատալի գլխավորած կառավարությունը, սակայն, կշարունակի աշխատանքը մինչև նոր կառավարության ձևավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած «Նոր ժողովրդական ճակատ» ձախ դաշինքը առայժմ չի համաձայնության չի հասել նոր վարչապետի թեկնածուի շուրջ։

Ատալի գլխավորությամբ ժամանակավոր կառավարությունը կշարունակի զբաղվել ընթացիկ հարցերով, սակայն չի կարող խորհրդարան ներկայացնել նոր օրենքներ կամ լուրջ փոփոխություններ կատարել, նշել են փորձագետները։ Ժամանակավոր կառավարությունը նաև պետք է երաշխավորի հուլիսի 26-ին Փարիզում մեկնարկող Օլիմպիական խաղերի սահուն ընթացքը։ 

Հուլիսի 7-ին խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ էր տարել «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը՝ 577-տեղանոց խորհրդարանում ստանալով 193 մանդատ։ Սակայն դաշինքին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ, այնպես որ, ձախ կուսակցությունները ստիպված կլինեն կոալիցիա ձևավորել։

Ընտրությունների արդյունքներով, Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան ստացել է 164 մանդատ, իսկ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը»՝ 143։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում