Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական. Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ տեղի ունեցավ տոնական միջոցառում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երեսուներկու տարի առաջ Ֆրանսիան և անկախացած Հայաստանը հաստատել են  դիվանագիտական հարաբերություններ, որոնք երբևէ  այսքան հագեցած և վստահելի չեն եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Ֆրանսիայի ազգային տոնի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:

Դեսպանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց այս կարևոր օրը իրենց հետ տոնելու համար, և ընդգծեց՝  Ֆրանսիայի ազգային տոն դարձած հուլիսի 14-ը խորհրդանշում է իրենց  հեղափոխությունը և միավորում ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքները։

Նա, խոսելով երկու երկրների դարավոր բարեկամնության մասին, նշեց, որ Հայաստանը մեծ ներդրում ունի Ֆրանսիայի մշակութային ակունքների հարստանցման մեջ։ «Հայաստանը մեզ տվել է մարդկանց, ովքեր նպաստել են Ֆրանսիայի կերտմանը։ Տվել է նշանավոր անձանց, ինչպիսին Շառլ Ազնավուրն է, ում հարյուրամյակը նշում ենք այս տարի, հերոսներ, ինչպիսիք են Միսաք Մանուշյանն ու նրա կինը, ում աճյուններն այլևս ամփոփված են Պանթեոնում և շատ ուրիշներ, հարյուր հազարավոր այլ անձինք:

Երեսուներկու տարի առաջ Ֆրանսիան և անկախացած Հայաստանը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, որոնք երբևէ  այսքան հագեցած և վստահելի չեն եղել»,- նշեց դեսպանը։

Դըկոտինյին նշեց՝ Ֆրանսիան եղել է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին այս վճռորոշ ժամանակաշրջանում՝ մարդասիրական մակարդակով ցուցաբերելով իր օգնությունն ի նպաստ իրենց տներից Ադրբեջանի կողմից վտարված Լեռնային Ղարաբաղի հայերի:

Անդրադառնալով  Հայաստանի հետ անվտանգության ոլորտում ստանձնած վստահելի համագործակցությանը` դեսպանն ընդգծեց, որ այն զարգանում է, ինչի ապացույցն է վերջին շաբաթների ընթացքում «Սեզար» հրետանային համակարգի վերաբերյալ համաձայնագիրը։

«Հանրապետության նախագահը մեզ համար ուղղություն է սահմանել այն, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական։ Այս աջակցությունը կշարունակվի վճռականորեն ընդհանուր ծրագրերի միջոցով, որոնք մենք կիրականացնենք միասին՝ հայերով և ֆրանսիացիներով:

Այն կշարունակվի բոլոր ոլորտներում` մշակույթ, դիվանագիտություն, կրթություն, ֆրանկոֆոնիա, տնտեսություն, պաշտպանություն, շրջակա միջավայր, ենթակառուցվածքներ։ Այն կշարունակվի Հայաստանի ողջ տարածքում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առավել խոցելի շրջաններին, ինչպես, օրինակ, Սյունիքի մարզն է, որտեղ մենք հյուպատոսական գրասենյակ կբացենք»,- ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորեց Ֆրանսիայի կառավարությանը, դեսպանին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ:

«1789 թվականի հուլիսի 14-ին ֆրանսիացիներն ընտրեցին  հիմնարար ազատությունների և ժողովրդավարության ուղին։ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը ու մեր երկրում ժողովրդավարության անշրջելիության երաշխավորումը։ Այս համատեքստում բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև խաղաղության օրակարգին»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ երկու երկրներին հաջողվել է բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսություն և արդյունավետ համագործակցություն ձևավորել բոլոր բնագավառներում: 

Փոխվարչապետը նաև նշեց, որ այս տարի հայ-ֆրանսիական բարեկամությունն առավել ամրապնդվեց Միսաք Մանուշյանի ու նրա կնոջ աճյունը՝ Փարիզի Պանթեոնում ամփոփելու խորհրդանշական միջոցառմամբ։ Նա խորին երախտագիտությունն հայտնեց երկու պետությունների համար պատմական նշանակություն ունեցող այս որոշման համար։

«Այս տարի Շարլ Ազնավուրի 100-ամյակով հայ-ֆրանսիական բարեկամությունը մեկ այլ նշանակալի առիթ է նշում՝ վերահաստատելով մեր պատմության, մեր պատմական բարեկամության խորհրդանիշների հանդեպ համատեղ մեծարանքը»,- նշեց  Մհեր Գրիգորյանը։

Նա, կրկին շնորհավորելով Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ, բարեկամ Ֆանսիային և ֆրանսիացիաներին մաղթեց բարօրություն, իսկ հայ-ֆրանսիական բարեկամությանը՝ հարատևություն:

Հայերեն العربية Français

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկում

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

Եկամուտների հայտարարագրման դեպքում հայտարարատու ֆիզիկական անձինք կստանան որոշակի առավելություններ. ՊԵԿ

Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը