Թեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը. Իրանի նորընտիր նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը «Իմ ուղերձը նոր աշխարհին» վերնագրով հոդվածում ընդգծել է, որ Թեհրանն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի նորընտիր նախագահի ուղերձը հրապարակվել է Tehran Times-ում։

Հրապարակված հոդվածում նախագահ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը կողմ է «ուժեղ տարածաշրջանի» ստեղծմանը, այլ ոչ թե տարածաշրջանի, որտեղ մի երկիր ձգտում է գերիշխանության և գերակայության հասնել մյուսների նկատմամբ։ 

Նա համոզմունք է հայտնել, որ հարևան ու եղբայրական պետությունները չպետք է իրենց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի և միմյանց անհիմն զսպելու վրա։ Փեզեշքիանն ընդգծել է, որ դրա փոխարեն Իրանը կձգտի ստեղծել պայմաններ, որոնցում ռեսուրսները կուղղվեն տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին՝ ի շահ բոլորի։

«Մենք ակնկալում ենք համագործակցություն Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Օմանի, Իրաքի, Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ մեր կապերը խորացնելու և ընդհանուր խնդիրները լուծելու համար», - իր հոդվածում նշել է նախագահը՝ հավելելով, որ իր վարչակազմը կոչ կանի հարևան արաբական երկրներին համագործակցել և օգտագործել բոլոր քաղաքական և դիվանագիտական ​​լծակները Գազայի հատվածում մշտական ​​հրադադարին առաջնահերթություն տալու համար, որպեսզի դադարեցվի կոտորածը և կանխվի հակամարտությունների տարածումը:

Հոդվածում Իրանի նախագահն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը և նշել, որ Թեհրանը փորձում է խաղաղության հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև, Իրանը կաջակցի դրան ուղղված նախաձեռնություններին։

«Չինաստանն ու Ռուսաստանը մեզ աջակցել են դժվարին պահերին, և մենք խորապես գնահատում ենք այս բարեկամությունը։

Ռուսաստանը Իրանի արժեքավոր ռազմավարական դաշնակիցն է և հարևանը, և իմ վարչակազմը կշարունակի ընդլայնել և ամրապնդել մեր համագործակցությունը», - գրել է Փեզեշքիանը։

Խոսելով տարածաշրջանի մասին ԻԻՀ նորընտիր նախագահը նկատել է, որ տարածաշրջանը շատ երկար է տառապել պատերազմներից, միջդավանաբանական հակամարտություններից, ահաբեկչությունից, ծայրահեղականությունից, թմրավաճառքից, ջրի պակասից, փախստականների ճգնաժամից, շրջակա միջավայրի դեգրադացիայից և օտարերկրյա միջամտությունից։

«Եկել է այդ ընդհանուր խնդիրները ի բարօրություն ապագա սերունդների լուծելու ժամանակը; Համագործակցությունը լինելու է մեր արտաքին քաղաքականության առաջնորդող սկզբունքը», - իր ուղերձում շեշտել է Իրանի նախագահը։

Հայերեն English فارسی Français Русский

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին