WITSA-ի ստարտափների համաշխարհային գավաթի հայաստանյան մասնակիցների համար մեկնարկել է հայտերի ընդունումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WITSA-ի համաշխարհային գավաթի ազգային հանձնաժողովը սկսում է դիմումների ընդունումը՝ հայկական վաղ փուլերի (early stage) ստարտափներին ընձեռելով բացառիկ հնարավորություն՝ ցուցադրելու իրենց նորարարական լուծումները և մրցելու Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է WCIT-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, դիմումների ընդունման ժամկետը մեկնարկել է 2024 թվականի հուլիսի 3-ից և ավարտվելու է հուլիսի 31-ին:

Հայկական early stage/pre-series A ստարտափները կարող են դիմել և մասնակցել մրցույթին: Ազգային հանձնաժողովը կընտրի մոտ 20 ընկերություններ, որոնցից երկուսը եզակի հնարավորություն կունենան Հայաստանը ներկայացնելու WITSA World Cup միջազգային մրցույթում։

WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխությունը (WITSA World Cup (WWC)) տեղի կունենա WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Երևանում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, 2024 թվականի հոկտեմբերին։

Ազգային հանձնաժողովը ստարտափների ընտրությունը կկատարի գնահատման հինգ հիմնական չափանիշներով՝

  • նորարարություն,
  • հաճախորդների ներգրավում,
  • մասշտաբելիություն,
  • տեխնոլոգիա հանուն բարօրության և
  • ներուժ:

Միջոցառումը նպատակ ունի ընդգծելու հայկական ստարտափների՝ համաշխարհային հարթակում մրցելու հնարավորությունը՝ կենտրոնանալով նորարարության և ազդեցիկ տեխնոլոգիական լուծումներ ստեղծելու ներուժի վրա:

Մանրամասների և հայտադիմումը լրացնելու համար հարկավոր է այցելել կայքէջ։

2024 թվականին WITSA World Cup միջազգային մրցույթին կմասնակցեն 32 ստարտափներ 16 երկրներից և 6 մայրցամաքներից, ինչը հայաստանյան ստարտափներին ընձեռում է բացառիկ հնարավորություն ներկայանալու և մրցելու գլոբալ հարթակում։

Այս տարվա մայիսին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտարարեց 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) անցկացումը Հայաստանում՝ սերտ համագործակցելով ԴիջիԹեք Հայաստանի հետ։ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո WCIT2024-ը կմեկտեղի մեծանուն խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, բարձր ճանաչում ունեցող ստարտափների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և շատ այլ միջոցառումներ:

WCIT 2024/DigiTec համաժողովը կծառայի որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության մեծացման, ներդրումների կարևորության և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունը ընդգծող համաշխարհային հարթակ։ Վերջին տարիներին Հայաստանը, հանդիսանալով տարածաշրջանի տեխնոլոգիական հաբ, իր շուրջն է համախմբել գլոբալ բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ, որոնք այստեղ հիմնել են իրենց գիտահետազոտական (R&D) գրասենյակներն ու մասնաճյուղերը։

Հայերեն Русский