Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանի նպատակը Հայաստանի հետ խաղաղության գործընթացն առժամանակ կասեցնելն է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի նպատակը ժամանակ ձգելն է, Հայաստանի հետ խաղաղության գործընթացն առժամանակ կասեցնելը, մինչդեռ խաղաղության պայմանագրի նախագծում անհաղթահարելի տարաձայնություններ չեն մնացել և հնարավոր է տեքստը վերջնականացնել ընդամենը մեկ ամսվա ընթացքում, ինչը նշանակում է, որ կողմերի դիրքորոշումները մոտարկված են։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ տեսակետն «Ալիևի՝ Հայաստանի սահմանադրության փոփոխության նախապայմանն ի՞նչ նպատակ է հետապնդում» թեմայով ասուլիսի ժամանակ հայտնեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը։

«Այս պարագայում խոսել Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, նշանակում է լավագույն դեպքում էականորեն ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները, իսկ վատագույն դեպքում ընդհանրապես կանգնեցնել խաղաղության հասնելուն միտված բանակցային գործընթացը»,- ասաց Քոչինյանը։ 

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Բաքվի գործելակերպը կարելի է բացատրել երկու տարբերակով։ Առաջինն այն է, որ Ադրբեջանն իրականում չի ուզում որևէ խաղաղության պայմանագիր, այլ պատրաստվում է նոր սրացումների և նույնիսկ պատերազմական գործողությունների։ Իսկ երկրորդ տարբերակն այն է, որ 2022-23 թվականների ընթացքում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ձևավորվել են որոշակի համաձայնություններ, որոնք ձեռք են բերվել հատկապես Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման և ռուս խաղաղապահների զորախմբի դուրսբերման գործընթացներին զուգահեռ, և Ադրբեջանն էլ պայմանավորվածության համաձայն՝ դրա դիմաց կամ չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, կամ հնարավորինս կձգձգի դրա ստորագրումը, իսկ եթե գործընթացը լինի անխուսափելի, ապա ստորագրումը տեղի ունենա Մոսկվայում, ինչը կընդգծի ՌԴ-ի հավելյալ դերակատարումն այդ ամենի մեջ։

«Ես ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին, որովհետև Ադրբեջանի կողմից կա պարտավորություն ՌԴ-ի առջև։ Հենց դրանով է պայմանավորված ադրբեջանական կողմի աբսուրդային հայտարարությունը, որով Բաքուն պահանջում է ՀՀ-ից փոխել Սահմանադրությունը։ Հայտարարությունը աբսուրդային է նաև բովանդակային առումով։ Այն հոդվածը, որը մեր Սահմանադրության մեջ հղում է անում Անկախության հռչակագրի համապատասխան գլխին, այլ ոչ թե դրույթներին, պատճառ դարձավ, որպեսզի ՀՅԴ-ն, հենվելով այդ հղման վրա, 2008 թվականից հետո դիմեր Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ Ցյուրիխյան արձանագրությունները հակասահմանադրական են։ Դեռ այն ժամանակ ՍԴ-ն կայացրեց հակառակ որոշումը։ Այսինքն՝ կա նախադեպային որոշում, որ այդ հղումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Անկախության հռչակագրի համապատասխան գլխում ներառված կետերի համար»,- պարզաբանեց քաղաքագետը։

Քոչինյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից առաջ քաշված Սահմանադրական նորմը, որը նրանց կարծիքով, պետք է փոխվի, իրականում անփոխարինելի է։ Այդ պահանջը բավարարելու համար մեզ անհրաժեշտ կլինի նոր Սահմանադրություն, որի ընդունումը բավականին բարդ և ժամանակատար գործընթաց է։ 

«Այն պահին, երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի և վավերացվի խորհրդարանի կողմից, անմիջապես կուղարկվի Սահմանադրական դատարան, ինչից հետո կանխատեսում եմ, որ ՍԴ-ն այն համարելու է Սահմանադրությանը չհակասող։ Դրանից հետո, ՀՀ օրենսդրության համաձայն, տվյալ հարցն այլևս երբեք չի կարող քննարկվել։ Որևէ քաղաքական ուժ երբևէ չի կարողանա նույն հարցով մտնել դատարան, քանի որ ՍԴ-ի որոշումները վերջնական են ու անվիճարկելի։ Հաշվի առնելով այդ ամենը՝ կարելի է գալ եզրահանգման, որ Ադրբեջանի նախապայմանը մտացածին է և հնարովի»,- եզրափակեց քաղաքագետը։     

Հայերեն Русский

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս

Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Ռազմիկ Պետրոսյանն ու Մելիքսեթ Պողոսյանն ազատվել են ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոններից

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան

Բուլղարացիների արտասահմանյան ուղևորությունները և դեպի Բուլղարիա այցելություններն աճել են. BTA

Հութիները Կարմիր ծովում գրոհել են սաուդյան նավերի վրա

Աննա Հակոբյանը ներկայացրել է ընտանեկան բռնության դեմ իր պայքարի առաջիկա քայլերը