Հայաստան

Վերջին իրադարձություններն ի ցույց դրեցին մեր ժողովրդի խոհեմությունը. ԱԺ նախագահի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Վերջին իրադարձություններն ի ցույց դրեցին մեր ժողովրդի խոհեմությունը. ԱԺ նախագահի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն իր օրինաստեղծ գործունեության ճանապարհին որեւէ ջանք չի խնայելու ժողովրդի  կյանքն առավել բարեկեցիկ, արժանապատիվ ու հարմարավետ դարձնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա առթիվ հղած շնորհավորական ուղերձում: 

«29 տարի առաջ այս օրը մեզանից շատերը, մեր մայրերն ու քույրերը, հայրերն ու եղբայրները համաժողովրդական հանրաքվեով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ ամրագրելով ՀՀ բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն ու հռչակելով մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Չնայած որոշ կենտրոնների ու խմբերի կողմից պարբերաբար փորձ է կատարվում ժողովրդից խլել իր այս սահմանադրական անքակտելի իրավունքը, սակայն վերջին իրադարձությունները կրկին ի ցույց դրեցին մեր ժողովրդի խոհեմությունը՝ ապացուցելով, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին»,–ընդգծել է ԱԺ նախագահը: 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ եւ որպես ժողովրդավարական հստակ ուղեգիծ որդեգրած քաղաքական թիմի ներկայացուցիչ՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ համամիտ է ժողովրդին հուզող մի շարք մտահոգությունների հետ, որ չնայած Սահմանադրությամբ ամրագրված դրույթներին՝ դեռեւս տարբեր ոլորտներում առկա են որոշ օրենսդրական բացեր, որոնք հաճախ անհարմարություն, երբեմն էլ՝ օրենքի առաջ պաշտպանված չլինելու զգացում են պատճառում շատերիդ:

«Շնորհավորելով Սահմանադրության օրը՝ ուզում եմ կրկին շեշտել ժողովրդավարական ուղով առաջ շարժվելու մեր հաստատակամությունն ու վստահեցնել, որ Ազգային ժողովն իր օրինաստեղծ գործունեության ճանապարհին որեւէ ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ, արժանապատիվ ու հարմարավետ դարձնելու համար»,–ասված է ուղերձում:

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում