Երևան

Լուսանկարների շնորհիվ տեսնում ենք Հայաստանի պատմությունը. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն այցելեց «Արմենպրես»-ի ցուցահանդես

3 րոպեի ընթերցում

Լուսանկարների շնորհիվ տեսնում ենք Հայաստանի պատմությունը. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն այցելեց «Արմենպրես»-ի ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան հուլիսի 2-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանի ուղեկցությամբ այցելեց գործակալության «Դարի վավերագրություն» ցուցահանդես, որը բացվել է Հայաստանի նկարիչների միությունում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նազարյանը Նիլակշի Սահա Սինհային ծանոթացրեց ցուցահանդեսում զետեղված ավելի քան 90 լուսանկարներին, որոնք ընդգրկում են 1950-ից 1990 թվականները: 

«Այս լուսանկարների շնորհիվ տեսնում ենք Հայաստանի պատմությունը, որ կերտվել է երկար տարիների ընթացքում, տեսնում ենք նշանավոր անհատների: Այսօր բազմաթիվ հուշարձաններ, փողոցներ, պողոտաներ կրում են այդ անհատների անունները: Նրանց լուսանկարները տեսնելը, նրանց ժամանակներին առնչվելը հիանալի է: «Արմենպրես»-ը հրաշալի աշխատանք է կատարել, և ես հույս ունեմ, որ  գործակալությունը կշարունակի հանդես գալ նման ցուցադրություններով»,-նշեց Նիլակշի Սահա Սինհան:

«Դարի վավերագրություն» ցուցահանդեսում ներառված բացառիկ արխիվային լուսանկարների միջոցով հնարավոր է թերթել անցյալի էջերը և «հանդիպել» ականավոր արվեստագետների, մարզիկների, քաղաքական և ռազմական գործիչների, գիտնականների, վերհիշել երկրի և աշխարհի համար կարևոր իրադարձությունները, պատմամշակութային հուշարձանների կառուցման և վերականգնման պատմությունը: 

Ցուցադրությունը, որը նախորդ տարի բաց էր ընդամենը մեկ օր՝ նշանավորելու գործակալության հիմնադրման 105-ամյակը, հունիսի 27-ին համալրված նմուշներով բացվել է Երևանի սրտում՝ Հայաստանի նկարիչների միությունում:   

«Ցուցադրված ավելի քան 9 տասնյակ լուսանկարները փաստում են՝ «Արմենպրես»-ի ֆոտոխցիկից չի վրիպել ոչինչ. այս կադրերը բոլորիս մտապատկերում կենդանացնում են այն իրադարձությունները, որոնց մասին միշտ լսել ենք, կարդացել, ու յուրաքանչյուրս ստեղծել ենք այդ իրադարձությունների մեր պատկերացումները, իսկ այսօրվա ցուցադրությունը մեզ մտովի այդ ժամանակներ տեղափոխվելու և իրական պատմությանը հաղորդակից դառնալու հնարավորություն է ստեղծում:  «Արմենպրես»-ը մեկ միլիոնից ավելի լուսանկար ունի: Թվային դարաշրջանը մեզ հնարավորություն է տալիս օրական ստեղծվող մի քանի տասնյակի հասնող ֆոտոնյութերը միանգամից պահպանել ֆոտոպահոցներում՝ ճիշտ մակագրմամբ, ժամանակակից լեզվով ասած՝ ճիշտ թեգավորմամբ, սակայն մենք մեր պահոցներում թվայնացման սպասող հարյուր հազարավոր ժապավեններ ունենք, որոնց ուսումնասիրությունը մեզ թեմատիկ ցուցադրությունների հարուստ նյութ է տալիս»,-ցուցահանդեսի բացմանը նշել էր Նարինե Նազարյանը: 

«Դարի վավերագրություն» ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 4-ը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում