Հայաստան

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

2 րոպեի ընթերցում

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում են հորդառատ անձրևներ, Սյունիքի երեք գետերի ավազաններում հնարավոր են հեղեղումներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ։ 

Ըստ աղբյուրի՝ կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացումներ, հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։

ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունը ներկայացրել է նաև մինչև հեղեղումը վարքագծի խորհուրդներ։

«Ի՞նչ անել մինչև հեղեղումները

Հետևեք ջրաօդերևութաբանական ազդարարման նշաններին:

Պահեստավորեք խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):

Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:

Թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:

Հեղեղումների սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:

Հետևեք տարհանման վերաբերյալ տեղեկատվությանը և կառավարման մարմինների ցուցումներին:

Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը և հեղեղումների սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:

Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ և այլն):

Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:

Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք և այլն)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում