Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Իրան պետական սահմանին, «մարիխուանա» և «կոկաին» տեսակի թմրամիջոցների ներմուծման փորձի համար, ձերբակալվել է Իրանի քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն: 

«Օրերս Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության թիվ 14-րդ բաժնի  աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել  Իրանի Իսլամական Հանրապետությունից Ագարակ մաքսային անցման կետ ժամանած մարդատար տրանսպորտային միջոցի նկատմամբ: ԻԻՀ հաշվառման «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի մաքսային հսկողության, այդ թվում՝ ռենտգեն տեսազննման արդյունքում կասկածներ են առաջացել, որ տրանսպորտային միջոցում հնարավոր է առկա լինի գաղտնարան։ Միաժամանակ, մաքսային մարմիններին կասկածելի է թվացել նաև  հիշյալ տրանսպորտային միջոցի  վարորդի վարքագիծը։  

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված հետագա մաքսային հսկողության շրջանակում, հիշյալ ավտոմեքենան ենթարկվել է խորը զննման: Տրանսպորտային միջոցի նստատեղի թիկնակի մեջ հայտնաբերվել են ավելի քան 12,1 կգ քաշով «մարիխուանա» և շուրջ 4,42 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ն ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում