Վրաստան

ԵՄ դռները Վրաստանի համար կփակվեն, եթե կառավարությունը շարունակի իր գործողությունները. Բորել

2 րոպեի ընթերցում

ԵՄ դռները Վրաստանի համար կփակվեն, եթե կառավարությունը շարունակի իր գործողությունները. Բորել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի համար, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս ուղեգիծը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Եվրամիության խորհրդի նիստին։

«Եվրամիության դռները Վրաստանի համար այժմ բաց են: Բայց, եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն», - Բորելի խոսքերն է մեջբերում Barron’s լրատվական հարթակը:

ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտնել է, որ ձեռնարկվող նախնական քայլերը, որոնք քննարկվում են ԵՄ արտգործնախարարների կողմից, կարող են ներառել Վրաստանի անվտանգության ուժերի ֆինանսավորման կասեցում, կառավարության ֆինանսավորման կրճատում կամ բարձր մակարդակի շփումների խզում։ 

«Մենք չենք ցանկանում, որ սա ազդի բնակչության վրա», - ասել է Բորելը՝ հավելելով, որ հունիսի 24-ին ոչ մի վերջնական որոշում չի ակնկալվում։

Վրաստանը 2023 թվականին պաշտոնապես դարձել է Եվրամիությանն անդամակցելու թեկնածու։ Երկրում հունիսի սկզբին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը մեծ քննադատության է արժանացել ԵՄ-ում և ԱՄՆ-ում, ինչպես նաև ուղեկցվել է բազմահազարանոց ցույցերով երկրի ներսում։ Օրինագիծը ենթադրում է ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում արտասահմանյան ուժի շահերը խթանող կազմակերպությունների գրանցամատյանում, եթե նրանց տարեկան եկամտի 20 %-ը ֆինանսավորվում է արտասահմանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում