Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեն և խորվաթական «IGH ինստիտուտ» ընկերությունը ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն և խորվաթական «IGH ինստիտուտ» ընկերությունը ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի և խորվաթական «IGH ինստիտուտ» ընկերության միջև հունիսի 19-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ քաղաքաշինության ոլորտում համագործակցության նպատակով։ Հուշագիրը ստորագրել են կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Խորվաթիայի Հանրապետությունում գործող ընկերության կառավարման խորհրդի տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, նախատեսվում է իրականացնել կարողությունների զարգացում և փորձի փոխանակում նախագծման, շինարարության, տեխնիկական հսկողության ոլորտներում, համագործակցել քաղաքային պլանավորման թվայնացման, BIM ստանդարտների և ուղեցույցների մշակման, քաղաքաշինության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների կիրառման ու լաբորատորիայի հիմնման ուղղություններով։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է միջազգային փորձ ունեցող կազմակերպության մասնագիտական ներուժի ներգրավումը՝ հաշվի առնելով Հայաստանում իրականացվող քաղաքաշինական խոշոր ծրագրերը. «Առաջիկայում կոմիտեի առանցքային նախաձեռնություններից է լինելու շինարարության տեխնիկական հսկողության գործընթացի համակարգային վերանայումն ու ոլորտային լաբորատորիաների կարողությունների օգտագործումը։ Հայաստանում լաբորատորիա հիմնելու «IGH ինստիտուտ»-ի մտադրությունն իրագործելու դեպքում՝ ընկերությունը որոշիչ դերակատարում կարող է ունենալ այս ասպարեզի զարգացման գործում»։

Ըստ աղբյուրի՝ «IGH ինստիտուտ»-ի կառավարման խորհրդի տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու քննարկված ծրագրերի իրագործմանը՝ օգտագործելով ընկերության մասնագիտական ներուժն ու գիտատեխնիկական հնարավորությունները։ Նա նշել է, որ 1949-ին հիմնադրված ընկերությունն ունի լաբորատորիաներ, որոնք խոշորագույններից են Եվրոպայում։ Զուգահեռաբար իրականացնում է կամուրջների, թունելների, ճանապարհների, բնակելի, հասարակական ու արտադրական շենքերի նախագծում, շինարարություն, տեխնիկական հսկողություն և մասնագիտացած է մի քանի այլ ոլորտներում ևս։

Նշվում է, որ փոխըմբռնման հուշագրի դրույթներն իրագործելու նպատակով կմշակվի գործողությունների ժամանակացույց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում