Հայաստան

ՀՀ ԱՍՀ նախարարն ու ՄԱԿ մշտական համակարգողը քննարկել են համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարն ու ՄԱԿ մշտական համակարգողը քննարկել են համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծելով ՄԱԿ-ի կառույցների հետ ունեցած ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել վերջիններիս ներդրումը Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին աջակցելու գործում։ Այս համատեքստում, մասնավորապես, շեշտվել է համատեղ իրականացված աշխատանքների կարևորությունն աշխատանքի և զբաղվածության, սոցիալական աջակցության, երեխաների իրավունքների պաշտպանության, կանանց հիմնահարցերի և մարդկանց թրաֆիքինգի ոլորտներում։ 

«ՄԱԿ-ի կառույցների հետ ունենք համագործակցության լայն շրջանակ, որն ընդգրկում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության համակարգի գրեթե բոլոր ոլորտները։ Ուրախ ենք և պատրաստակամ՝ շարունակելու համատեղ աշխատանքներն ինչպես արդեն նախանշված, այնպես էլ նոր ուղղություններով»,- նշել է նախարարը։ 

Անդրադառնալով ոլորտային ռազմավարություններին՝ Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ժողովրդագրության, զբաղվածության, սոցիալական աջակցության ոլորտներում սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։ Նախարարը նշել է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտի գերակայություններին անդրադարձ է կատարվել նաև օրերս Ժնևում կայացած Աշխատանքի միջազգային համաժողովի 112-րդ նստաշրջանին, որի շրջանակում քննարկվել են նաև աշխատանքային իրավունքների խթանման, կայուն զբաղվածության ապահովման, արժանապատիվ աշխատանքի և աղքատության դեմ պայքարի ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։ 

Ֆրանսուազ Ժակոբը ևս շեշտել է նախարարության հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը և վերահաստատել պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ ոլորտի զարգացման ուղղությամբ։ 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում