Երևանի փոխքաղաքապետն ու Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետը քննարկել են ՏՏ ոլորտում փոխգործակցության հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Լոս Անջելեսի քաղաքապետարանի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետ Թեդ Ռոսին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն ու աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ փոխքաղաքապետը ներկայացրել է ծառայությունների թվայնացման ուղղությամբ Երևանի աշխատանքները: Սուրեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ շարունակաբար ուսումնասիրվում ու տեղայնացվում է միջազգային փորձը, և հետաքրքրություն հայտնել քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Միացյալ Նահանգների գործընկերների հետ հնարավոր գործակցության ուղիները:
Ըստ աղբյուրի՝ Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի ղեկավարը, խոսելով ոլորտում ներկայում կիրառվող մոտեցումներից, պատրաստակամություն է հայտնել փոխանցելու իրենց փորձը Երևանին: