Հասարակական

Վարդենիկի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

2 րոպեի ընթերցում

Վարդենիկի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան N2 միջնակարգ դպրոցում տեղի են ունեցել ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են համայնքային փուլում հաղթող ճանաչված՝ Գավառի N5, Ճամբարակի N1, Վարդենիսի N3 հիմնական, Զովաբերի միջնակարգ դպրոցների և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը:

Մրցումներն անցկացվել են ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև: Խաղացողին տրվել է 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Մրցումների վերջնարդյունքում հաղթող է ճանաչվել Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան): Երկրորդ տեղը գրավել է Գավառի N5 հիմնական դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը` Ճամբարակի N1 հիմնական դպրոցի թիմը:

Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը մարզը կներկայացնի Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում:

Օլիմպիադայի մարզային փուլի մրցումներին մասնակից բոլոր թիմերի շախմատիստներին և մարզիչներին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հանձնվել են հուշանվերներ:

Շախմատի օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2024 թվականի մարտ ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել են շուրջ 2500 պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել են դպրոցների հավաքական թիմերը, որոնք ապրիլի 27-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են օլիմպիադայի Գավառի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքային փուլերին:

Մրցաշարին մասնակցել են մինչև 14 տարեկան դպրոցականները: Օլիմպիադան անցկացվել է թիմային հաշվարկով, ընդ որում, թիմը բաղկացած է եղել տվյալ դպրոցի 4 աշակերտներից, որոնցից առնվազն 1-ը՝ աղջիկ:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում