Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է «Դպրոցական Մատենադարան» միջոցառումը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրերի շրջանակում, Մատենադարանի համաֆինանսավորմամբ և Գեղարքունիքի մարզպետի աջակցությամբ` Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանում անցկացվել է «Դպրոցական Մատենադարան» միջոցառումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդգես Պետրոսյանի անվան գրադարանից, միջոցառմանը մասնակցել է Գեղարքունիքի հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-12-րդ դասարանների՝ շուրջ 250 աշակերտ։

Միջոցառումը ներկայացվել է շրջիկ ցուցահանդեսի, ձեռագրերի ստեղծման վարպետաց դասի, հայ միջնադարյան գրավոր ժառանգության, մատենադարանի պատմության և ձեռագրերի վերականգնման տեսքով։

Միջոցառման ընթացքն ապահովվել է երեք բաժիններով. ցուցադրություն, պատկերներով տեսական և գործնական մաս, որոնց ընթացքում աշակերտները սովորել են ձեռագիր մատյանում գրել եղեգնյա գրիչներով, նկարազարդել ձեռագիր մանրանկար էջ և հատուկ գործիքների ու նյութերի միջոցով փորձել վերականգնել թերթի պատռված, պակասող կամ կտրված մասերը։

Դասընթացներն անցկացրել են Մատենադարանի գիտաշխատողները, թանգարանի կրթական ծրագրերի բաժնի աշխատակիցները և վերականգնման բաժնի մասնագետները։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն