Բարձր տեխնոլոգիաներ

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է Armenian Code Academy կենտրոն

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է Armenian Code Academy կենտրոն

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է տեխնոլոգիական կրթության ոլորտում տարբեր ծրագրեր և դասընթացներ առաջարկող Armenian Code Academy (ACA) կենտրոն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ակադեմիայի հիմնադիր Նարեկ Ասլիկյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել լսարաններում, ծանոթացել ընթացիկ կրթական ծրագրերին և դրանց ուղղություններին։ Նարեկ Ասլիկյանը ներկայացրել է ակադեմիայի գործունեության մանրամասները՝ շուկայի վերլուծությունից մինչև կրթական ծրագրերի մշակման մեխանիզմներ՝ ընդգծելով, որ դրանք կազմվում են աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան՝ լուրջ հետազոտությունների հիման վրա։

Նախարարը կարևորել է տեխնոլոգիական ոլորտի համար որակյալ մասնագետների պատրաստումը և նշել ACA-ի հետ նախարարության ունեցած արդյունավետ համագործակցությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացմանն ուղղված ACA-ի տեսլականը, պետական քաղաքականության առաջնահերթությունները, տեխնոլոգիական ոլորտի զարգացման 7-ամյա ծրագրի հիմնական ուղղությունները, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի համագործակցության միջոցով հիմնարար առաջընթաց ապահովելու հնարավորությունները։

Հատուկ ուշադրություն է դարձվել նոր օրենքի որոշ դրույթներին, որոնք ACA-ի գործունեության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն։ Նարեկ Ասլիկյանը բարձր է գնահատել նոր կարգավորումները, մասնավորապես՝ եկամտային հարկի 60%-ի չափով աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին ոլորտ նոր մուտք գործող աշխատակիցների համար, որը կարևոր է տեխնոլոգիական ոլորտի մասնագետների խրախուսման տեսանկյունից։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ աշխատանքները օրենքի կիրարկման շրջանակում:

Քննարկվել են նաև արդեն իրականացված համատեղ ծրագրերի արդյունավետությունը և հետագա համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ մարզերում համատեղ պիլոտային ծրագրերի իրականացումը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռաֆայել Սահակյանը։

Armenian Code Academy-ն տեխնոլոգիական կրթության առաջատար կենտրոն է, որի նպատակն է պատրաստել ու վերապատրաստել ՏՏ ոլորտի ապագա և գործող մասնագետներին՝ օգնելով լրացնել աշխատաշուկայում առկա պահանջարկը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում