Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ողնաշարը դահուկասպորտի տարբեր ձևերն էին. Գագիկ Սարգսյան
2 րոպեի ընթերցում
![Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ողնաշարը դահուկասպորտի տարբեր ձևերն էին. Գագիկ Սարգսյան](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/1crsOwSdNZRt1NQqQhXyvT4PcF5mBa0gxWezYaWr.webp)
Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը վստահեցնում է` Համահայկական խաղերի ողնաշարը համարվող դահուկային մարզաձևերի մրցաշարերն անցկացվել են գրեթե անթերի:
«Հիրավի, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ողնաշարը դահուկասպորտի տարբեր ձևերն էին: Դահուկային մարզաձևերում ամեն ինչ կապված է եղանակից և եղանակային պայմանները նպաստավոր չէին հենց առաջին օրվանից: Պիտի շնորհակալություն հայտնեմ թե կազմակերպիչներից, թե ֆեդերացիային կից ամբողջ օժանդակող անձնակազմից` զօր ու գիշեր աշխատելու համար: Աշխատել ենք գրեթե 24-ժամյա ռեժիմով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ, Համահայկական խաղերում դահուկավազք մարզաձևի տեխնիկական պատվիրակ Գագիկ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով` Համահայկական խաղերի միջոցով Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան իր հովանու ներքո վերցրեց Սոչի քաղաքից Վասելինա Խաչատուրյանին, ով արդեն հրավեր է ստացել միանալու հավաքականին:
«Համահայկական խաղերի խորհրդին հետևելով՝ մենք թույլ տվեցինք, որպեսզի թիմային միքս ձևում մրցեն Վանաձորի ու Սոչի թիմերի մարզիկները և նրանք դարձան չեմպիոններ»,-ասաց Գագիկ Սարգսյանը:
Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել են 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքից: Առաջին խաղերին, որոնք կայացել են Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերն անցկացվում են Ապարանի տարածաշրջանում և Երևանում: Համահայկական խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։