Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ, Լիբանանի թիմի ղեկավար Միսակ Նաջարյանը վստահեցնում է`սպորտի միջոցով սփյուռքահայությունն առավել ուժեղ է կապվում հայրենիքին:
«Համահայկական խաղերին մասնակցում ենք բարձր տրամադրությամբ: Ամառային խաղերում ևս Լիբանանը միշտ ներկա է: Արդեն երկրորդ խաղերն են, որոնց մենք մասնակցում ենք: Դեռևս 11 տարի առաջ կայացած առաջին խաղերին մասնակցեցինք մի մարզիկով, ով մասնակցում է այս խաղին ևս: Չնայած Բեյրութի վատ իրավիճակին, մեծ ցանկություն ունեինք ներկա լինել այս խաղերին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Միսակ Նաջարյանը:
Վերջինիս խոսքով` սփյուռքը հայրենիքին կապելու լավագույն ձևերից մեկը միասնականությունն է սպորտով:
«Համահայկական խաղերը մեծ օղակ են, որը կապում է սփյուռքահայությանը հայրենիքի հետ: Բազմաթիվ երիտասարդներ հայրենիք են եկել՝ հետաքրքրված լինելով սպորտով»,-առանձնացրեց նա:
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում Բեյրութի թիմը մասնակցում էր 31 մարզիկով`ուժերը չափելով լեռնադահուկ մարզաձևում, սնոուբորդում և ձնամարտում:
Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել են 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքից: Առաջին խաղերին, որոնք կայացել են Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերն անցկացվում են Ապարանի տարածաշրջանում և Երևանում: Համահայկական խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։