Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային և արևելյան հատվածներին
2 րոպեի ընթերցում
![Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային և արևելյան հատվածներին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/Yvzit0SHs1WZ0x6lytceDvrWeYwdwERrMsps8GHE.webp)
Իսրայելական օդային ուժերը հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավային և արևելյան ուղղությամբ՝ չնայած «Հեզբոլլահ» շարժման հետ գործող հրադադարի համաձայնագրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները։
Իսրայելական օդային ուժերը թիրախավորել են երկրի հարավում գտնվող Բֆարուա և Ազզա քաղաքների միջև գտնվող հովիտը։
Բացի այդ, Իսրայելը գրոհ է իրականացրել Սիրիայի հետ սահմանին գտնվող արևելյան Լիբանանի լեռնաշղթայի բարձունքների վրա։ Աղբյուրների տեղեկացմամբ, իսրայելական ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել նաև մայրաքաղաք Բեյրութի և նրա արվարձանների վրայով։
Իսրայելի բանակը փետրվարի 7-ի վաղ առավոտյան հայտարարել է, որ թիրախավորել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ին պատկանող զենքեր պարունակող երկու ռազմական օբյեկտ՝ նշելով, որ նմանատիպ օբյեկտների առկայությունը հրադադարի համաձայնագրի խախտում է համարվում։ Նաև նշվել է, որ Իսրայելը հարձակում է իրականացրել Լիբանանի վրա «Հեզբոլլահ»-ի կողմից իրականացված խախտումների և Սիրիայի սահմանից զենք տեղափոխելու փորձերից հետո։
Հատկանշական է, որ 2024 թ․ նոյեմբերի 27-ից Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև գործում է զինադադարի համաձայնագիր, որի նպատակն է վերջ դնել շուրջ մեկ տարի տևած անդրսահմանային գնդակոծություններին, որոնք վերածվել էին բաց առճակատման՝ սկսած 2024 թվականի սեպտեմբերից։