Սիդնեյում տանտերն իր բակում 102 թունավոր օձ է գտել
1 րոպեի ընթերցում
![Սիդնեյում տանտերն իր բակում 102 թունավոր օձ է գտել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/UY8iSl60PWhq1KJHtv69g55M9ogP2XgLqh6K2vXw.webp)
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի տներից մեկի բակում 102 օձ է հայտնաբերվել։ Դրանք եղել են սև իժեր, որոնք թունավոր են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Սիդնեյի արվարձաններում գտնվող տան սեփականատեր Դեյվիդ Սթեյնն իր բակում տեսել է մի քանի օձ և զանգահարել Սողունների տեղափոխման կենտրոն։ Կենտրոնի ղեկավարը CNN-ին հայտնել է, որ իրենց մասնագետը բակում գտել է 5 չափահաս և 97 նորածին օձի։ Նրանց հեռացնելու համար պահանջվել է շուրջ երեք ժամ։
Սև իժերի էգերը սովորաբար ձագ ունենալիս հավաքվում են մեկ տեղում։ Ըստ հրապարակման՝ այս միջադեպի հետ կապված արտասովորն այն է, որ ինչ-որ մեկն ականատես է եղել տասնյակ օձերի հավաքական ծնունդին։
Բակից հեռացված օձերից մեկն էլ մի քանի ձագ է ունեցել, երբ արդեն տոպրակում էր գտնվում։
Օձերին գտել են ճիշտ ժամանակին, քանի որ կարճ ժամանակ անց նրանք կցրվեին ամբողջ տարածքով մեկ։
Սև իժերին բաց կթողնեն ազգային զբոսայգում։