Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում «Թանգարանների միջազգային օրը» նշանավորվել է նոր ժամանակավոր ցուցադրության բացմամբ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում «Թանգարանների միջազգային օրը» նշանավորվել է նոր ժամանակավոր ցուցադրության բացմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանի տնօրինությունից, «Թանգարանի միջազգային օրվա» շրջանակներում ցուցադրվել են Գավառի արվեստանոցի սաների ձեռքի աշխատանքները։

Ցուցադրությանը համերգային ծրագրով հանդես են եկել Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի, Ուսուցողական կենտրոնի, Գավառ քաղաքի թիվ 1 հիմնական, թիվ 2, թիվ 7 միջնակարգ դպրոցների աշակերտները։

Ցուցադրությանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Իսկ «Թանգարանների միջազգային օր և թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում մայիսի 18-ին թանգարանում կազմակերպվել է բաց դռների օր, ժամը 11:00-ից ժամը 24-ի ընթացքում։ 294 այցելուների համար կազմակերպվել է հիմնական ցուցադրություն թանգարանի բոլոր բաժիններում, ժամանակավոր ցուցադրություն՝ «Պղնձագործություն» թեմայով, բացօթյա ցուցադրություն` ազգային- ազգագրական իրերի ցուցադրմամբ, թանգարանի մուտքի մոտ և փոքրերի համար մուլտֆիլմերի դիտում։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն