Մարզեր

Գյումրիում այսուհետ գործելու է Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական կենտրոնը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում այսուհետ գործելու է Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական կենտրոնը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, մարզի բոլոր համայնքների ղեկավարների հետ ներկա է գտնվել Կադաստրի կոմիտեի Շիրակի խորհրդատվական նոր բացվող կենտրոնի աշխատանքների մեկնարկի արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, նոր խորհրդատվական կենտրոնի բացման նպատակը էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ պայմանավորված խորհրդատվական գործառույթ իրականացնելն է։

Խորհրդատվական կենտրոնը գործառույթներով տարբերվելու է սպասարկման գրասենյակից, քանի որ բացի դիմումների ընդունումից, նաև իրականացնելու է խորհրդատվություն՝ Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների, կադաստրային քարտեզներում սխալների ուղղում կատարելու վերաբերյալ, տրամադրելու է պարզաբանումներ՝ իրավունքի գրանցման մերժումների, կասեցումների կապակցությամբ և այլն:

«Քաղաքացիները չպետք է գնան համայնքապետարան, այնտեղից կադաստր և հակառակ և այսպես մի քանի անգամ, մինչև իրենց հարցը լուծում ստանա, հակառակ՝ պետք է լինի պատկան կառույցների համագործակցություն, որպեսզի չտուժի բնակիչը։ Խորհրդատվական կենտրոնը համայնքապետարանների աշխատակիցների համար ևս հարթակ է, որը հնարավորություն կտա իրենց էլ այցելել, տեղեկանալ և այնուհետ իրենց դիմած քաղաքացիներին ճիշտ ուղղորդել։ Ցանկացած պարագայում փոփոխությունները պետք է միտված լինեն ծառայությունները հասանելի, մեր քաղաքացիների սպասարկումն առավել մատչելի դարձնելուն։ Վստահ եմ՝ պատկան կառույցների համատեղ աշխատանքով կհասնենք ցանկալի արդյունքների։ Խոսքս թե մարզպետի աշխատակազմի, թե կադաստրի կոմիտեի, թե համայնքապետարանների աշխատակազմերի մասին է»,- նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ նշել է, որ սպասարկման գրասենյակներում դիմումների ընդունման ծավալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել հաջորդաբար անդրադառնալ մի քանի մարզային սպասարկման գրասենյակների վերակազմակերպման խնդրին, քանի որ մարզային սպասարկման գրասենյակներում ևս առկա է ինչպես ծանրաբեռնվածության մակարդակների անհամաչափություններ, այնպես էլ էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ պայմանավորված խորհրդատվական գործառույթի իրականացման անհրաժեշտություն՝ վստահեցնելով, որ կոմիտեի քայլերը ուղղված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու սպասարկման հնարավորությունների ընդլայնմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, համայնքների ղեկավարները Կադաստրի կոմիտեի ղեկավարին ուղղել են հուզող հարցերն ու ստացել պարզաբանումներ, քննարկվել են կոնկրետ խնդիրներ, առաջարկվել լուծման տարբերակներ ծավալվել է ակտիվ երկխոսություն։

Դավիթ Առուշանյանն ու Սուրեն Թովմասյանն այնուհետ հանդիպել են քաղաքացիներին, որոնք դիմել են իրենց հուզող խնդիրներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում