Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղի թիվ մեկ մանկապարտեզն այսուհետ կրում է նույն հաստատության առաջին ու երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Լաուրա Մանուկյանի անունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Սարուխանի բնակիչների խնդրանքով կազմվել է նախաձեռնող խումբ՝ վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանի գլխավորությամբ, այնուհետ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին ներկայացվել է նախաձեռնող խմբի դիմումը, որն արժանացել է համայնքի ղեկավարի հավանությանը և ներկայացվել ավագանու հաստատմանը։
Գավառ համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ Սարուխանի թիվ մեկ մանկապարտեզն անվանակոչվել է Լաուրա Մանուկյանի անունով։ Անվանակոչությունը նշանավորվել է միջոցառմամբ։
Լաուրա Մանուկյանի ընտանիքի անդամների, հարազատների, Գավառ համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների, Գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար Տիգրան Նիկողոսյանի և Սարուխանի բնակիչների մասնակցությամբ գյուղի մշակույթի տանը տեղի է ունեցել միջոցառում։
Միջոցառմանը մասնակցել են նաև Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը։
Միջոցառումն ուղեկցվել է ելույթներով և գեղարվեստական կատարումներով։