Սպորտ

ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին

4 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչին, որը Հայաստան է ժամանել՝ ուսումնասիրելու առկա ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության և համագործակցության պատրաստակամության համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ապրելակերպի ու ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է: Նա նաև տեղեկացրել է՝ հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024- 2030  թվականների ռազմավարությունը, որում, որպես առանձին թիրախ, սահմանված են լողով զբաղվելու հնարավորությունների և մարզերում լողավազանների ցանցի ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև ՀՀ-ում միջազգային խոշոր մրցաշարերի հյուրընկալումը: 

Նախարարի տեղակալը, ներկայացնելով պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, նշել է՝ մեկնարկել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը, որով նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների անցկացումը գործող լողավազաններում: Անդրադառնալով միջազգային մրցաշարերի անցկացմանը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ վերջին տարիներին դրանց իրականացվում են բավական մեծ հաջողությամբ: 

Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի կազմակերպումը, որոնցից մեկն անցկացվում է  լող մարզաձևից: Նրա խոսքով՝ կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերով Սևանա լճի լողափնյա հատվածում անցկացվող մրցաշարն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում, իսկ կազմակերպման հաջող փորձը վստահություն է հաղորդում, որ Հայաստանն ունի նաև միջազգային մասսայական միջոցառում անցկացնելու հնարավորություն: 

Ըստ աղբյուրի՝ Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Լողի հայկական դաշնության ակտիվ մասնակցությունը Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առաջնություններին և կոնգրեսներին վստահություն է ներշնչում, որ առկա է համագործակցության ավելի լայն ներուժ: Նրա խոսքով՝ որպես առաջին փորձ՝ Հայաստանը կարող է դիտարկել հենց Սևանա լճում բաց ջրի (open water) ձևաչափով միջոցառումների անցկացումը: Յոսիպ Վարվոդիչը վերահաստել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի պատրաստակամությունը մարզաձևի զարգացման ու միջազգային մրցաշարերի անցկացման համատեքստում աջակցելու Հայաստանին:

Նշվում է, որ, անդրադառնալով ենթակառուցվածքների զարգացմանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Գյումրիում ընթանում է Արթուր Ալեքսանյանի անվան խոշոր մարզահամալիրի շինարարությունը, որտեղ նաև լողավազանի կառուցում է նախատեսվում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնավորի հետ համագործակցության միջազգային փորձառությանը, մարզիչների վերապատրաստմանը, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հայաստան կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակում Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը կայցելի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոց, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, ինչպես նաև մասնավոր մի շարք լողավազաններ, կծանոթանա առկա ենթակառուցվածքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում