Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում կայացավ ՀՀ կանանց ծանրամարտի մեծահասակների առաջնությունը։ Մրցաշարն անցկացվեց տասը քաշային կարգերում։ Առաջնությանը մասնակցեցին 25 մարզուհիներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցաշարի բացման արարողության ժամանակ ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշեց, որ երկու տարվա ընդմիջումից հետո մեկնարկած հերթական առաջնությունը կարևոր է այն առումով, որ բացահայտում է նոր մարզիկների, և մի հարթակ է, որտեղ ծանրորդներն ամփոփում են իրենց մեկ տարվա աշխատանքը։
«Ֆեդերացիան ամեն ինչ արել է, որպեսզի մրցումներն անցնեն լավագույն կերպով, արդար, բոլոր մարզիկների համար հավասար պայմաններում։ Մեր մարզիկներին մաղթում եմ հաջողություններ։ Եթե օլիմպիական խաղերում կարևորը մասնակցությունն է, ապա այս հարթակում կարևորն արդյունքներն են։ Այս առաջնության համար բացի ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված բյուջեից և պարգևավճարներից, մեր հովանավորի՝ «Հոմպլեքս» ընկերության կողմից սահմանվել է նաև լրացուցիչ մրցանակային ֆոնդ։ Մարզիչներն արդեն տեղեկացվել են, թե ինչ սկզբունքներով են լրացուցիչ պարգևատրումները հատկացվելու մարզիկներին»,- ասաց Հարությունյանը։
Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանն իր խոսքում նշեց, որ իրենք ներկայացրել են ծրագիր, որի շնորհիվ՝ տվյալ մարզաձևը Հայաստանում ավելի կզարգանա։
«Ծանրամարտի հայկական դպրոցն իր արդյունքներով աշխարհին բազմիցս ապացուցել է, որ լավագույններից մեկն է։ Ճիշտ է, ԿԳՄՍ նախարարությունը սահմանել է մրցանակներ առաջին երեք տեղերը գրաված մարզիկների համար, այդուհանդերձ լրացուցիչ պարգևատրումների ֆոնդը կոչված է մոտիվացնելու նաև մյուս շնորհալի և խոստումնալից ծանրամարտիկներին, որպեսզի բարելավեն իրենց արդյունքները, ավելի լուրջ վերաբերվեն ազգային առաջնությանը, քանի որ հենց այստեղից են ձևավորվում և համալրվում մեր հավաքականները։ Համոզված եմ, որ փոխհամագործակցության շնորհիվ կհասնենք մեծ արդյունքների»,- ասաց Գասպարյանը։
Ակնհայտ էր, որ մրցաշարին մասնակցող ծանրորդուհիները նախապատրաստվել էին մեծ պատասխանատվությամբ, հետևաբար ասպարեզ մտան մեծ ոգևորությամբ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում անվանի մարզուհի Հռիփսիմե Խուրշուդյանը, ով առաջնությունը սպասարկում էր մրցավարի կարգավիճակով, նշեց․ «Շատ տպավորված եմ մեր ծանրամարտիկների մրցելույթներից։ Քանի որ մարզադպրոցը վերանորոգվում էր, հետևաբար երկու տարվա ընդմիջումից հետո նրանք կարոտել էին այս մրցահարթակը։ Բոլորն էլ ցանկանում են տանը հաջող քննություն հանձնել, նոր հետո մասնակցել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին։ Եթե դիտարկենք նախորդ մրցաշարի արդյունքներն ու դինամիկան, ապա վստահաբար կարող ենք ասել, որ մոտ ապագայում կունենանք Նազիկ Ավդալյաններ, Հռիփսիմե Խուրշուդյաններ։ Մենք միայն ուրախ կլինենք նոր սերնդի ներկայացուցիչների համար»։
Անդրադառնալով մասնակիցների մրցելույթներին՝ Խուրշուդյանը նշեց, որ առանձին դեպքերում ձախողված մոտեցումների պատճառը ոչ այնքան ծայրաձողի քաշն էր, որքան տեխնիկական վրիպակները։
«Եթե նկատեցիք, մենք կողքից հուշում ենք մասնակիցներին, քաջալերում, որ ավելի ճիշտ աշխատեն ծանրաձողի հետ։ Շատերը ոչ միայն պատրաստ են հայտավորված քաշերին, այլև կարող են ավելին բարձրացնել։ Մրցաշարին մասնակցում են փորձառու մարզուհիներ, ովքեր աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ են, այնպես որ փորձի պակաս չկա»,- ասաց անվանի ծանրորդուհին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ծանրամարտի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն իր հերթին նշեց, որ նման մրցաշարերը կարևոր են ոչ միայն մասնակիցների, այլև մարզիչների և հատկապես իր համար, որպեսզի ավելի անմիջականորեն հետևի տարբեր քաշային կարգերում հանդես եկող մարզուհիների մրցելույթներին և համակողմանիորեն գնահատի նրանց կարողությունները։
«Ես իհարկե ամբողջ տարվա կտրվածքով ստանում եմ տեղեկություններ մասնակիցների մասին, սակայն առավել կարևոր է անմիջականորեն նրանց հետևել այս հարթակում։ Այստեղ ամբողջությամբ բացահայտվում է նրանց ներուժը։ Կարևոր է, որ մարզուհիները վնասվածքներ չստանան և ցույց տան իրենց հնարավորությունները։ Ես իհարկե կգնահատեմ նրանց տեխնիկական և ֆիզիկական պատրաստվածության աստիճանը, և ըստ այդմ՝ կընդգրկենք հավաքականում։ Ինձ համար շատ կարևոր է, թե ինչպիսի տաղանդով են օժտված մարզուհիները և ինչպիսի հնարքների շնորհիվ են բարձրացնում ծանրաձողը։ Պարբերաբար հետևում ենք մարզուհիների մրցելույթների դինամիկային։ Միջազգային ասպարեզում առաջնորդվում են կիլոգրամներով։ Ոմանք հույսը դնում են մրցակիցների վրիպումների ու սայթաքումների վրա, մինչդեռ մեզ համար կարևոր են բարձրացվող կիլոգրամներն ու կայուն առաջընթացը։ Եթե մարզիկներն ապահովում են անհրաժեշտ արդյունքներ, ապա նրանց այլևս ոչինչ չի մտահոգում»,- նշեց Ներսիսյանը։
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ մեծահասակների մրցաշարին հաջորդելու են երիտասարդական ու պատանեկան առաջնությունները, որոնք հերթափոխ ապահովելու առումով՝ ունեն մեծ նշանակություն, հետևաբար իրենք պետք է շարունակ աշխատեն խոստումնալից մարզուհիների հետ՝ նպաստելով նրանց առաջընթացին։
«Մեծահասակների մրցաշարի արդյունքներով կձևավորվի ազգային հավաքականի կազմը, որն այս տարվա ապրիլին կմասնակցի Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ 2026 թվականին նախանշված աշխարհի առաջնությունը լինելու է վարկանիշային, որտեղ մեր մարզուհիները պայքարելու են օլիմպիական ուղեգրերի համար։ Մեր ակնկալիքները շատ մեծ են, Եվրոպայի նախորդ առաջնությունում շահեցինք մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ, հույս ունենք հերթական մրցաշարից վերադառնալ ավելի լավ արդյունքներով։ Պետք է նաև ապահովենք սահուն հերթափոխ, որպեսզի սերունդների միջև վակուում չառաջանա»,- հավելեց Ներսիսյանը։
ՀՀ ծանրամարտի կանանց մեծահասակների առաջնությունում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
45 կգ քաշային կարգ (մեկ մասնակից)՝ Քրիստինե Բաբայան (Արարատ) – երկամարտ 106 կգ, ոսկե մեդալակիր։
49 կգ քաշային կարգ (մեկ մասնակից)՝ Մանե Ավետիսյան (Քասախ) – երկամարտ 82 կգ, ոսկե մեդալակիր։
55 կգ քաշային կարգ՝ Տանզելա Գրիգորյան (Գյումրի) – երկամարտ 158 կգ, ոսկե մեդալակիր, Գյուլնարա Տիգրանյան (Քասախ) – երկամարտ 148 կգ, արծաթե մեդալակիր, Յուղաբեր Ամրոյան (Գյումրի) – երկամարտ 115 կգ, բրոնզե մեդալակիր։
59 կգ քաշային կարգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (Գյումրի) – երկամարտ 193 կգ, ոսկե մեդալակիր, Իզաբելա Յայլյան (Երևան) – երկամարտ 192 կգ, արծաթե մեդալակիր, Սոնյա Սեպխանյան (ԵՕՀՊՄՔ) – երկամարտ 113 կգ, բրոնզե մեդալակիր։
64 կգ քաշային կարգ՝ Մերի Միսակյան (Քասախ) – երկամարտ 187 կգ, ոսկե մեդալակիր, Նատալյա Սարգսյան (Գյումրի) – երկամարտ 148 կգ, արծաթե մեդալակիր, Սոֆյա Նաջարյան (Գյումրի) – երկամարտ 116 կգ, բրոնզե մեդալակիր։
71 կգ քաշային կարգ (երկու մասնակից)՝ Աննա Ամրոյան (Գյումրի) – երկամարտ 160 կգ, ոսկե մեդալակիր, Աննա Գրիգորյան (Քասախ) – երկամարտ 115 կգ, արծաթե մեդալակիր։
76 կգ քաշային կարգ՝ Ալինա Սուքիասյան (Երևան) – երկամարտ 166 կգ, ոսկե մեդալակիր, Անի Քոլոյան (Երևան) – երկամարտ 151 կգ, արծաթե մեդալակիր, Ռիտա Աբաղյան (Արարատ) – երկամարտ 113 կգ, բրոնզե մեդալակիր։
81 կգ քաշային կարգ՝ Էմմա Պողոսյան (Գյումրի) – երկամարտ 222 կգ, ոսկե մեդալակիր, Միլենա Խաչատրյան (Ջրառատ) – երկամարտ 190 կգ, արծաթե մեդալակիր, Մերի Աղալարյան (Ջրառատ) – երկամարտ 153 կգ, բրոնզե մեդալակիր։
87 կգ քաշային կարգ՝ Լիաննա Գյուրջյան (Երևան) – երկամարտ 215 կգ, ոսկե մեդալակիր, Մարգարիտա Առաքելյան (Արարատ) – 213 կգ, արծաթե մեդալակիր, Մարիամ Արամյան (Ապարան) – երկամարտ 157 կգ, բրոնզե մեդալակիր։
87+ կգ քաշային կարգ՝ Տաթև Հակոբյան (Երևան) – երկամարտ 227 կգ, ոսկե մեդալակիր, Ջուլիետա Ավանեսյան (Արարատ) – երկամարտ 212 կգ, արծաթե մեդալակիր, Մերի Թումասյան (Գյումրի) – երկամարտ 205 կգ, բրոնզե մեդալակիր։
Մրցաշարի լավագույն ծանրորդուհի ճանաչվեց Էմմա Պողոսյանը, ով արժանացավ հատուկ գավաթի, իսկ լավագույն մարզիչ ճանաչվեց Քրիստինե Պետրոսյանը։
2025 թվականի ՀՀ ծանրամարտի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնությունների ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 5 միլիոն դրամ։