Քաղաքականություն

Մենք հավատարիմ ենք մնում Նանսենի սկզբունքներին. ՀՀ ԱԳ նախարարն այցելել է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտ

2 րոպեի ընթերցում

Մենք հավատարիմ ենք մնում Նանսենի սկզբունքներին.  ՀՀ ԱԳ նախարարն այցելել է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտ

Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին այցելել է Ֆրիտյոֆ Նանսենի ինստիտուտ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում. «Նանսենի ժառանգությունը և նրա՝ հազարավոր հայերի գոյատևումն ապահովելուն ուղղված մարդասիրական ջանքերը մնում են մարդասիրության անզուգական դրսևորում, որը Հայաստանը երբեք չի մոռանա։

Շարունակելով ամրապնդել հայ-նորվեգական կապերը՝ մենք հավատարիմ ենք մնում մարդկային արժանապատվության, համերաշխության և բարոյական պատասխանատվության այն սկզբունքներին, որոնք Նանսենն այդքան եռանդուն կերպով պաշտպանում և մարմնավորում էր»։

Ըստ աղբյուրի՝ ինստիտուտում կայացած կարճ քննարկմանը երկուստեք ընդգծվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ փախստականներին աջակցության հարցում Նանսենի կողմից գործադրված մարդասիրական ջանքերի կարևորությունը, թե՛ Հայաստանում, թե՛ Նորվեգիայում նրա գործունության նկատմամբ առկա մեծ հարգանքը։ 

Անդրադարձ է կատարվել նաև ինստիտուտի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Կարևորվել է երկկողմ գիտական կապերի խորացումը և փորձի փոխանակման նոր հնարավորությունների առավելագույնս իրացումը, այդ թվում՝  ՄԱԿ Կենսաբազմազանության կողմերի համաժողովի՝ Հայաստանում անցկացման շրջանակներում։

Նշվում է, որ նախարար Միրզոյանը շրջայց է կատարել ինստիտուտում և ծաղկեպսակ է զետեղել մեծանուն նորվեգացի հումանիստի և գիտնականի գերեզմանին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում