ՀՀ ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանի հետ զրույցում կարևորել է գերիների վերադարձը
2 րոպեի ընթերցում
![ՀՀ ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանի հետ զրույցում կարևորել է գերիների վերադարձը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/1zZcBlsaUkiIfxRQCGHKlICeRSoMufLzT6hdr6gS.webp)
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։
Պաշտպանն անդրադարձել է նաև իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին՝ ընդգծելով ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալները մեր երկրում և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, ներկայումս առկա խնդիրները և իրականացվող աշխատանքները։
Իր խոսքում Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելուն միտված աշխատանքների, գերության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի ապահովման կարևորությունը՝ այս հարցերում շեշտելով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների դերը:
Նշվում է, որ դեսպան Լուկաս Ռոզենկրանցը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։