Վրաստանի խորհրդարանում նոր քաղաքական խումբ կստեղծվի
2 րոպեի ընթերցում
![Վրաստանի խորհրդարանում նոր քաղաքական խումբ կստեղծվի](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/07/QuaE6VPWoFMxELmI4NFCeeqFjmYCoIOXxP5W63P7.webp)
Վրաստանում ընթացակարգային հարցերի հանձնաժողովը և բյուրոն հավանություն են տվել խորհրդարանում նոր քաղաքական խմբի ստեղծմանը, որը կոչվում է «Եվրոպական սոցիալիստներ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
Քաղաքական խումբը ստեղծվել է իշխող «Վրացական երազանք» խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Իլյա Ինջիայի, Վառլամ Լիպարտելիանիի և Նիկա Էլիսաշվիլիի կողմից։
Նրանք Վրաստանի խորհրդարանում կներկայացնեն ընդդիմությունը «Ժողովրդի ուժ» քաղաքական խմբի հետ միասին և խորհրդարանում տեղեր կզբաղեցնեն ընդդիմության քվոտայի համաձայն։
Քաղաքական խումբն ունի նույն իրավունքները, ինչ խմբակցությունը, նրա ներկայացուցիչներն օգտվում են ելույթ ունենալու իրավունքից և կարող են ներկայացուցիչ ունենալ Վրաստանի խորհրդարանի բյուրոյում և հանձնաժողովներում։
Այս պահին Վրաստանի 150-տեղանոց խորհրդարանում կա ընդամենը 101 պատգամավոր, որոնցից 89 ընտրվել են «Վրացական երազանք»-ի ցուցակներով։ Վրաստանի խորհրդարան մտած չորս քաղաքական ուժերից երեքը՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միասնություն-ազգային շարժում» և «Լելոն հանուն Վրաստանի», լքել են խորհրդարանը՝ ի նշան բողոքի ընտրությունների արդյունքների դեմ։ Չորրորդ՝ «Հանուն Վրաստանի» կուսակցությունը թեև չի հրաժարվել մանդատներից, սակայն շարունակում է բոյկոտել խորհրդարանի աշխատանքը։